Լողորդ, ջրագնդակի Երեւանի «Հիլզ» ակումբի թիմի ավագ Էրիկ Ստեփանյանը լողալով հատել է Սեւանա լիճը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ, ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանի:

18-ամյա Էրիկը Սեւանի մեկ ափից մյուսն է անցել 57 րոպեում՝ հաղթահարելով 4,4 կմ տարածություն:   

Երիտասարդ մարզիկը NEWS.am Sport-ին պատմել է մարզիչ-ընկերոջը նվիրված նախաձեռնության, մտահղացման նպատակի եւ Սեւանը հատելու բարդության մասին:  

«4 տարի զբաղվում եմ լողով, 2 տարի՝ ջրագնդակով: Երբ նոր էի տեղափոխվել ջրագնդակի թիմ, ինձ հետ անհատական աշխատեց հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանի որդին՝ Հենրիկը: Նա այդ ժամանակ արդեն մեծ հաջողություններ ուներ մարզաձեւում, Հայաստանի հավաքականի ավագն էր, դրան զուգահեռ նաեւ աշխատում էր մեր ակումբում՝ որպես մարզիչ:  

Այն հաջողությունները, որոնց ես հասել եմ սպորտում, մասնավորապես ջրագնդակում, Հենրիկի շնորհիվ է եղել: Նա ինձ սովորեցրեց թիմային մարզաձեւի նրբությունները: Նրա շնորհիվ շատ սիրեցի ջրագնդակը: Լողով ավելի երկար եմ զբաղվում, մրցաշարերի մասնակցում, բայց երբ տեղափոխվեցի ջրագնդակ, հասկացա, որ այս մարզաձեւում ամեն ինչ այլ է, ավելի ուրախ է, ակտիվ, հետաքրքիր, պայքարն էլ՝ թեժ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն