Հարցազրույց գրող, հրատարակիչ Հրանտ Ալեքսանյանի հետ 

- Պարոն Ալեքսանյան, շուտով կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին: Այս ընթացքում ինչպե՞ս ապրեց արցախցին, եւ ի՞նչ վիճակ է հիմա Արցախում` թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգային առումով:

- «Ապրել» բառը հիմա խիստ պայմանական հասկացություն է, իհարկե՝ ֆիզիկական իմաստով կա այդ ապրելը, բայց մարդկային, բարոյական, քաղաքացու զգացողության առումով, եթե փորձենք մակերեսորեն նկարագրել իրավիճակը, ապա սա նոր ստեղծված իրականությանը դաժան հարմարվելու մի փորձություն է մեր քաղաքացիների համար։ Այսպիսի բան, իր ճակատագրի հետ կապված, մեր բնակչությունը չէր սպասում, սպասումները շատ ավելի դրական էին մինչեւ անցած տարվա սեպտեմբերը, որոնք ռեալ սպասումներ էին, որ շուտով Արցախը կարգավիճակ կունենա, խաղաղություն կհաստատվի, ու հիմա նման դաժան ողբերգությունը հաղթահարելը հեշտ չէ։ Չգիտեմ՝ քանի տասնամյակ պետք է պահանջվի, որպեսզի այդ վերքերը սպիանան։ Չեմ կարող ասել, որ լիակատար հուսահատության շրջան է, մեր ժողովուրդը տեսել է դաժան փորձություններ, բայց այդ դաժան փորձությունների մեծ մասը շատ ավելի օբյեկտիվ էր, եւ տեղական իշխանության մեծ մեղքի բաժինը չկար։ Մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը շատ ավելի սուբյեկտիվ պատճառներով եղավ՝ ՀՀ իշխանության անհետեւողական եւ ոչ հայկական քաղաքականության հետեւանքով, եւ «արդյունքում» այսօր ունենք Արցախի այս իրավիճակը, որից, իհարկե, պետք է դուրս գանք։ 

- Արցախում ապրող ընկերներիցս մեկն ասում է՝ ամեն առավոտ փառք ենք տալիս Աստծուն, որ արթնացանք․․․ հոգեբանական, անվտանգային առումով մարդիկ ի՞նչ զգացողություններ ունեն։ Դուք՝ ինքներդ, ի՞նչ ապրումներ եք ունենում Ստեփանակերտից Երեւան հասնելու ճանապարհին։ 

- Քանի որ տեղի է ունեցել սահմանի շփման գծի բավական վտանգավոր փոփոխություն՝ ի վնաս մեզ, այսինքն՝ ադրբեջանական հենակետերն ուղղակիորեն մոտեցել են մեր բնակավայրերին ու մեր քթի տակ են՝ 50-100 մետր հեռավորության վրա, ապահովության մասին խոսելը շատ հարաբերական է։ Անգամ եթե կրակոցներ չկան որեւէ հատվածում, դա չի նշանակում, որ մարդիկ իրենց ապահով են զգում, նրանք հոտառությամբ զգում են, որ թշնամին մոտ է, որ ամեն րոպե կարող է ներխուժման կամ հեռակա հրետակոծության ձեւով խաթարել այն խաղաղ թվացող օրը, որ այդ պահին դու ունես։ Մենք Ստեփանակերտում գրեթե ամեն օր լսում ենք կրակոցներ՝ Շուշիում տեղակայված ադրբեջանական հենակետերից, նրանք գրեթե ամեն օր շարունակում են կրակել մեր հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան՝ որոշակի առումով, լինում է, բայց մարդն ինչպե՞ս պետք է իրեն զգա այդ շարունակական կրակոցների տակ։ Պատերազմը չի ավարտվել, պատերազմը շարունակվում է, սա մենք զգում ենք ամեն օր։

- Ավելին՝ մայիս ամսից այդ կրակոցները հնչում են նաեւ ՀՀ տարածքում, ադրբեջանական զինված ուժերը մի քանի մարզում հատել են սահմանը՝ մտել ՀՀ տարածք, դիրքավորվել, անգամ օրեր առաջ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ են դրել։ Եվ ոչ պակաս զարմանալի է, որ արդեն մեր ԱԱԾ-ն է Որոտանի հատվածը կոչում թուրքական տեղանունով՝ Էյվազլի։ Ինչի՞ մասին է սա խոսում։

- Դա նույն թշնամուն ընդառաջ շարժվելու քաղաքականության հետեւանքն է, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության ծրագրում կա այն դիրքորոշումը, որ Արցախն ադրբեջանական տարածք է, ու 92-94թթ․ պատերազմից հետո ստեղծված իրողությունները նորից վերախմբագրման, վերանայման ենթակա են, առանց հաշվի առնելու մեր ազգային շահը, դա նշանակում է, որ իշխանությունը կատարում է դավադիր քաղաքականություն մեր ազգային շահի դեմ։ Դու՝ որպես պետություն, իրավունք չունես զիջելու այն կտորը, որ պատերազմով չես զիջել։ Կամովին զիջել տարածքներ մեր ընդհանուր անվտանգային գոտուց՝ նշանակում է քո քաղաքացիներին, քո երկիրը դնել ուղղակի հարվածի տակ՝ իր հետագա հետեւանքներով։ Եթե զիջել ես այսօր, կզիջես նաեւ վաղը։ Սրանք արմատական հարցեր են, իսկ արմատական այս հարցերում, ցավոք սրտի, շարունակվում է նույն պարտվողական քաղաքականությունը, որ կարելի է զիջել Որոտանի հատվածը կամ Արցախի մեր երկրամասը դիտել ադրբեջանական տարածք․ մոտ ապագայում ես կռահում եմ, թե մոտավորապես ինչ գործողություններ տեղի կունենան։ Խոսվում է, չէ՞, որ «խաղաղության պայմանագիր» պետք է ստորագրվի, որն Ադրբեջանի իշխանությունները կպարտադրեն այս իշխանությանը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված կլինի, որ Արցախի այդ տարածքը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է որպես ադրբեջանական տարածք։ Պետք է ունենանք մի այնպիսի համախմբում, այնպիսի իշխանություն, որ առաջնորդի մեր ազգին, որովհետեւ ազգն է երկրին տիրություն անողը։ 

- Համախմբում եղա՞վ պատերազմից հետո թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

- Ոչ մի տեղում էլ չեղավ, որովհետեւ ժողովուրդը հոտառությամբ զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Երբ պատերազմը սկսվեց, մենք սպասում էինք, որ 2-3 օրվա ընթացքում պետք է այն կանգնեցվի, ինչպես դա եղավ 2016-ին, որովհետեւ գիտեինք՝ մենք ուժեղ պաշտպանված ենք ե՛ւ ռազմական, ե՛ւ ռազմաքաղաքական առումով՝ հատկապես նկատի ունենալով Ռուսաստանի հետ մեր դաշինքը։ Բայց դաշնակցի հետ այդպես վարվել չի կարելի, անկախ նրանից՝ դաշնակիցդ քեզ դուր է գալիս, թե ոչ, եթե դու այդ դաշինքի մեջ ես, պետք է գործես այդ դաշինքի ոգով, այսինքն՝ չպետք է քաղաքական ծամածռություններ եւ արկածախնդրություն անես Արեւմուտքի, Եվրոպայի հետ։ Սա ոչ ոք չի հանդուրժի։ Մեկ շաբաթ անց ժողովուրդն արդեն հասկացավ, որ շատ այլանդակ մի բան է տեղի ունենում․․․։

- Այդ ժամանակ ժողովրդին հավատացնում էին, որ հաղթելու ենք, եւ այդ լոզունգի շուրջ էին համախմբում։

- Բայց ինչպե՞ս պետք է հաղթեինք, երբ Երեւանը ողջ պատերազմի ընթացքում իր համար ապրում էր, երբ հոկտեմբերի կեսին առաջին անգամ պատերազմից հետո եկա Երեւան, ես ոչ մի պատերազմական իրավիճակ չտեսա։ Պատերազմի ներկայությունը երեւանյան կյանքում ես առանձնապես չեմ տեսել, մինչդեռ երբ պատերազմական արտակարգ իրավիճակ է, ամեն փողոցում, ամեն կանգառում դա պետք է զգացվեր։ Այսինքն՝ չի արվել այն, ինչ պետք է արվեր նմանատիպ իրավիճակում, եւ մենք ունեցանք նման մեծ ողբերգություն, որը կարելի էր կանխել, ինչպես կանխեցինք նախորդ տարիներին՝ մինչեւ 2018-ը, որովհետեւ Ադրբեջանը սահմանային միջադեպերով միշտ փորձել է հարձակվել, բայց անընդհատ բախվել է հուժկու կազմակերպված պետական կառույցի, որ ռազմաքաղաքական դաշինքի մասով ունի նաեւ լուրջ ապահովվածություն։ Բայց 2020-ի սեպտեմբերին նրանք հասկացան, որ Հայաստանը վերածվել է մի քաղաքական խեղկատակի, որին կարելի է ուղղակի ճզմել, եւ դա արեցին Արցախի մասով, ու հիմա տեսեք ինչպես է դա շարունակվում Հայաստանի պարագայում, եւ նույնը հիմա փորձում են անել նաեւ Հայաստանի հետ։ Երեկ Էրդողանը հայտարարեց, որ շատ լավ ուրվագծվում է մեծ եւ հզոր Թուրքիայի պատկերը, չի ասում՝ միայն հզոր, այլեւ՝ մեծ։ Միայն կույրը կարող է չտեսնել, թե «մեծ» ասելով՝ թուրքական կառավարությունը դրա տակ ինչ նկատի ունի, իսկ դա նշանակում է, որ իր քաղաքական, տնտեսական լիարժեք գոտու մեջ պետք է մտնի Ադրբեջանը, Հայաստանը, գուցեեւ՝ Վրաստանը։

- Սահմանային լարվածության աճին զուգահեռ, ցավալիորեն զգոնությունը ներսում՝ թե՛ իշխանությունների, թե՛ հանրության շրջանում կարծես ավելի է թուլանում, ավելին՝ օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը պետք է նշել մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությամբ, որը նվիրված է լինելու Հայաստանի անկախությանն ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Ձեզ մոտ ի՞նչ զգացողություններ առաջացրեց այս հայտարարությունը: 

- Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչով էր զբաղված այս իշխանությունը վերջին 3 եւ պատերազմից հետո վերջին մեկ տարում, զարմանալի չէ, որ իր հասարակության ներսում կգնա նման այլանդակ քայլերի, որովհետեւ նրա այսօրվա գլխավոր հոգսերից մեկը ոչ միայն այն է, որ ռազմաքաղաքական հարթությունում Հայաստանին բերի այնպիսի իրավիճակի, որ ինքն ընդհանրապես պատերազմելու մասին չմտածի, այլեւ հպատակվելու հոգեբանություն արմատավորի հանրության մեջ, այսինքն՝ ընտելացնել այն իրավիճակին, որը նախագծել են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։ Այդ գունագեղ միջոցառումն իրոք անարգանք է մեր նահատակների հիշատակին, որովհետեւ մենք ունենք ազգային սովորույթներ, ավանդույթներ, որ չի կարելի ոտնահարել, եւ սա փաստում է, որ այս իշխանությունն ազգային կոչվող երեւույթի հետ ոչ մի առնչություն չունի, եւ իրեն թվում է, թե մեր ազգի մեջ ազգային զգացմունքները կարելի է հեշտությամբ բթացնել, կարելի է խաղալ նահատակների հիշատակի հետ, կարելի է պարտությունը վերագրել նախկիններին, Էրդողանին, ռուսներին, միայն ոչ իրենց։ Սա անթույլատրելի է։

Եվ ազգային էլիտան պետք է համախմբի ու առաջնորդի ազգին, որ նորից հայ ազգը լինի իր արժանապատիվ կեցվածքի, հայրենիքի տերը։ Մինչդեռ մեր քաղաքացիներից շատերը «հայրենիք» հասկացությանը քմծիծաղով, քամահրանքով են վերաբերվում եւ համարում են, որ դա հնացած հասկացություն է, ի՞նչ հայրենիք, բայց չէ՞ որ մենք Արցախի հետ միասնական պետություն՝ չէ, բայց միասնական երկիր ենք կամ, դժբախտաբար, արդեն՝ «էինք»։ Սեպտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, թե հայկական իշխանություն կոչվող վերնախավն ինչպես է Արցախն ամեն օր հրում դեպի Ադրբեջանի գիրկը։ Քանի դեռ ազգային շահը մեզ համար չի դարձել առաջնային, մենք այս նահանջի ճանապարհը դեռ երկար ենք գնալու։ Այսպես են կործանվում պետությունները։ Այս իշխանության ամեն քայլը պետական մակարդակով կոռուպցիա է․ երեկ պարզվեց, որ իշխանական վերնախավի համար արտոնյալ բժշկական սպասարկում պետք է արվի, դրանից մեծ կոռուպցիա լինո՞ւմ է, նախորդ իշխանության ժամանակ նման բան կարո՞ղ էր լինել, նրանք ինչո՞վ են լավը ինձնից կամ Ձեզնից, որ նրանց արտոնյալ բժշկությամբ են ապահովում։ Մեր հասարակության առնվազն 80 տոկոսն այսօր հիվանդ է ֆիզիկապես, իսկ բարոյական առումով՝ գուցեեւ ավելին․ նրանց մասին մտածեք։ Հիմա Ադրբեջանի, Թուրքիայի համար երանելի ժամանակներ են, որ հայկական հարցը վերջնականապես լուծեն։ 


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն