«Թիկունքից դանակով հարված. դաշնակիցներն այդպես չեն վարվում». Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է սուզանավերի պայմանագիրը խզելու Ավստրալիայի որոշումը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը France Info ռադիոկայանի եթերում սուզանավերի կառուցման վերաբերյալ Naval Group-ի հետ պայմանագիրը խզելու Ավստրալիայի որոշումը թիկունքից դանակով հարված է անվանել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ Փարիզը վստահության հարաբերություններ է հաստատել Կանբերայի հետ: Սակայն այժմ, ըստ քաղաքական գործչի, դրանք խարխլվել են:
«Եվ այսօր ես զայրացած եմ՝ դառնության մեծ զգացումով՝ կապված այս պայմանագրի դադարեցման հետ: Դաշնակիցներն այդպես չեն վարվում», - ասել է Լե Դրիանը:
Նախարարն ընդգծել է, որ պարզաբանումներ է սպասում ավստրալական և ամերիկյան կողմերից:
«Մենք պայմանագիր ունենք, և Ավստրալիան պետք է ասի, թե ինչպես է դուրս գալու դրանից: Բացատրություններ են անհրաժեշտ», - ասել է նա:
Լե Դրիանը նաև նշել է, որ իրեն անհանգստացնում է այս իրավիճակում Վաշինգտոնի պահվածքը:
«Այս միակողմանի, կոպիտ, անկանխատեսելի որոշումը շատ նման է պարոն Թրամփի արածին»,-հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիան որոշել է դուրս գալ ֆրանսիական Naval Group-ի հետ սուզանավերի պայմանագրից, որը պետք է լիներ ամենաթանկը Ավստրալիայի նավատորմի պատմության մեջ: Որոշման մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Ավստրալիան այս քայլին է գնացել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում AUUKUS նոր գործընկերության ստեղծման ֆոնին. AUUKUS-ի շրջանակում Ավստրալիան կունենա միջուկային սուզանավեր:
«Ֆրանսիան շարունակում է մնալ աներևակայելի կարևոր գործընկեր խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ... Բայց, որպես վարչապետ, ես պետք է որոշումներ կայացնեմ՝ ելնելով Ավստրալիայի ազգային անվտանգության շահերից, և ես գիտեմ, որ Ֆրանսիան նույնն է անում: Եվ ես գիտեմ, որ ի վերջո այս որոշումը կհասկանա», - ասել է Մորիսոնը:
Նա պարզաբանել է, որ արդեն տեղեկացրել է Naval Group-ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախագծից դուրս գալու որոշման մասին: Վարչապետը բացատրել է, որ երբ Ավստրալիան բանակցում էր Naval Group-ի հետ, երկիրն ի վիճակի չէր միջուկային էներգիայով սուզանավ կառուցել և շահագործել:
Մորիսոնը նշել է, որ երբ Ավստրալիան բանակցում էր Naval Group-ի հետ, այն ի վիճակի չէր միջուկային էներգիայով սուզանավ կառուցել և շահագործել: Այժմ իրավիճակը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխվել է, «անվտանգության համեմատաբար բարենպաստ միջավայրը» մնացել է անցյալում:
Միջուկային սուզանավերի առկայությունը դարձել է ռազմավարական անհրաժեշտություն, ասել է Մորիսոնը՝ ընդգծելով, որ Ավստրալիան չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, խոսքը միայն միջուկային ռեակտորների օգտագործման մասին է:
Ավստրալիան Naval Group-ի հետ պայմանագիր է կնքել 2016 թվականին՝ 12 սուզանավ կառուցելու մասին: Նախագիծը պետք է արժենար 90 միլիարդ ավստրալական դոլար (66 միլիարդ դոլար), այս պայմանագիրը կլիներ ամենաթանկն Ավստրալիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ:
Tert.am