Ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների հռչակագիրը
Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նիստին մասնակցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱԽ անդամները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները։ Ամենակարեւոր հարցերից մեկն իրավիճակն էր Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա։
Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ նախագահությունը 2021-2022թթ. անցնելու է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների մասին, ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը համավարակի պատճառով երկարատեւ ընդմիջումից հետո տեղի ունեցավ առերես հանդիպման ձեւաչափով հյուրընկալ տաջիկական հողում։
ՀԱԽ նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ նեղ կազմով եւ լիագումար նիստի ձեւաչափով, մենք հանգամանալիորեն քննարկեցինք միջազգային եւ տարածաշրջանային իրադրության զարգացման վիճակն ու հեռանկարները եւ դրա ազդեցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա, ամփոփեցինք մեր աշխատանքի արդյունքները միջնստաշրջանային ընթացքում։
«Ցավոք, դրական փոփոխություններ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում մենք չենք նկատում։ Իրադրությունը գործնականում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանի ողջ պարագծով մնում է լարված։
Գլխավոր հարցերից մեկը, որն այսօր քննարկեցին պետությունների ղեկավարները, իրավիճակն էր Աֆղանստանում, որը կտրուկ փոխվել է այնտեղից ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ական զորակազմի դուրսբերումից հետո։
«Թալիբան» շարժման սրընթաց հարձակումը, նրա վերահսկողության տակ Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի անցումը, ներառյալ պետական սահմանները եւ մայրաքաղաք Քաբուլը, ինչպես նաեւ իշխանափոխությունը երկրում, էապես ազդում են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կենտրոնաասիական տարածաշրջանի իրադրության վրա եւ խորապես անհանգստացնում են մեզ։
ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը տաջիկա-աֆղանական սահմանին։ Կազմակերպության գլխավոր նպատակը ստեղծվող պայմաններում մնում է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովումը։ Ընդ որում՝ մեր գործունեության առաջնահերթությունը մենք նախկինի պես տալիս ենք քաղաքական-դիվանագիտական միջոցներին։
ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել համագործակցության զարգացման համար՝ դիմակայելու Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Կազմակերպությունը մշակել է գործնական հավաքական միջոցներ, որոնք կոչված են ապահովելու Տաջիկստանի անվտանգությունը սահմանային իրավիճակի սրման դեպքում։ Այդ իսկ նպատակով մեկ ամիս հետո տաջիկա-աֆղանական սահմանի մոտ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական ուժերի մասշտաբային զորավարժությունների շարք՝ «Որոնում-2021», «Էշելոն-2021», «Փոխգործակցություն-2021» եւ «Կոբալտ-2021», դրանք բոլորը տեղի կունենան մեկ մտահղացմամբ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արագացնել ՀԱՊԿ շրջանակում Տաջիկստանի առաջարկած Նպատակային միջպետական ծրագրի ընդունման աշխատանքը տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ուղղությամբ։ Տաջիկստանը, ինչպես գիտեք, ունի ամենաերկար սահմանը Աֆղանստանի հետ՝ 1344 կմ, որը շատ տեղամասերում անցնում է դժվարանցանելի բարձրլեռնային տեղանքով։
Նախագահները նշեցին 2020-2021թթ. տաջիկական նախագահության եւ այդ շրջանում առաջնահերթությունների իրականացման բարձր մակարդակը Կազմակերպությունում։
Հաջորդ միջնստաշրջանային շրջանում մեր Կազմակերպությունում նախագահելու է Հայաստանի Հանրապետությունը։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացրեց երկրի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել։ Դրանք կարտացոլվեն ՀԱԽ նստաշրջանի որոշումների իրականացման համապատասխան Պլանում։
ՀԱՊԿ ՀԱԽ-ի այսօրվա նիստի ընթացքում ընդունվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, որը լուրջ մտահոգություն է հայտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող պետությունների անվտանգության եւ ինքնիշխանության սպառնալիքի շարունակվող բարձր մակարդակի հետ կապված եւ ընդգծում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, միջազգային հիմնախնդիրների լուծման վճռականությունը միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների հիման վրա:
Մենք կողմ ենք ՀԱՊԿ անդամ երկրների բազմամակարդակ քաղաքական խորհրդակցությունների արդյունավետության բարձրացմանը, որոնց շրջանակներում մշակվում են առաջացած մարտահրավերներին եւ սպառնալիքներին համակարգված հավաքական պատասխաններ:
ՀԱՊԿ անդամ երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը `զարգացնելու ՀԱՊԿ դիտորդի եւ ՀԱՊԿ Գործընկերոջ ինստիտուտները․բարելավելու մեր կազմակերպության արտաքին հարաբերությունների համակարգը, բարձրացնելու նրա կարողությունները, օգնելու ամրապնդել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը:
Անդամ երկրները կշարունակեն նաեւ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների զարգացումը` առաջադրանքների լուծման իրենց պատրաստակամությունը բարձրացնելու համար:
Նաեւ ստորագրվել են կարեւոր փաստաթղթեր ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացման վերաբերյալ, որոնց մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում: Ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խաղաղարար գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Այս փոփոխությունները նախատեսում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններում «ՀԱՊԿ անդամ համակարգող երկրի» միջոցով օգտագործելու հնարավորություն:
Մեկ այլ նորույթ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը խաղաղապահության հարցերով, այս առիթով ստորագրվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշում:
Պետությունների ղեկավարները հաստատել են նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով եւ հատուկ միջոցներով զինելու ծրագիրը: Սա շատ կարեւոր եւ ժամանակին ստորագրվող փաստաթուղթ է, որի իրականացումը թույլ կտա նոր մակարդակի հասցնել մեր օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։
Աֆղանստանում իրավիճակի փոփոխության կապակցությամբ հստակեցվել են կազմակերպության հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման ծրագիրը եւ ՀԱՊԿ ՕԱՀՈւ-ի հատուկ նշանակության ջոկատների եւ կազմավորումների կազմը:
Ստորագրված փաստաթղթերի ցանկը ներառում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական եւ բժշկական ապահովման մասին համաձայնագիրը։
Նախագահները ստորագրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում Հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ժամանակավոր ներկայության հետ կապված գործերում իրավասության եւ իրավական աջակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը կարգավորում է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմի ստեղծումը. ռազմական ոստիկանությունը, ռազմական հետաքննությունը, զինվորական դատախազությունը, ռազմական դատարանները (տրիբունալները), հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորումը:
2022 թվականի մայիսին, ինչպես գիտեք, մեր Կազմակերպությունը կնշի 30 տարին մեր հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից եւ հենց ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ ՀԱԽ-ը հաստատել է այդ առիթով միջոցառումների անցկացման ծրագիրը։
Հավաքական անվտանգության խորհուրդը երեք տարով երկարաձգել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Ալեքսեեւիչ Սիդորովի լիազորությունները (դրանք ավարտվել էին հենց այս օրերին) եւ հաստատել ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին, հերթական 3 տարի ժամկետով կրկին ընտրվել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Իվանովիչ Բորիսովը։
ՀԱՊԿ հաջորդ նիստը կկայանա 2021 թվականի 4-րդ եռամսյակում Երեւանում։ Այս հարցի վերաբերյալ առանձին արձանագրային որոշում կկայացվի»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։