Որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան
Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկը ոչ թե խնդրի լուծման վերաբերյալ է, այլ լարվածությունը թուլացնելու․ խնդրի լուծում կարող է լինել, երբ վերջնական որոշվի՝ որն ում սահմանն է, և երկու կողմերն էլ ճանաչեն այդ հանգամանքը։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այս առաջարկով խնդիրը չի լուծվում։ Թե ինչքանով է իրատեսական, արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ պատրաստ են գալ, այդտեղ կանգնել։ Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա, բայց, ինչպես հասկանում եմ, այդ առաջարկի վերաբերյալ չի եղել որևէ երկրի հայտարարություն, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ անցած հինգշաբթի կայացած ԱԽ նիստից հետո Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնից, Մարուքյանն ասաց, թե նիստի Այվազյանի վերաբերյալ խոսակցություն չի եղել։
«Ես հետո զարմացած էի, երբ իմացա, որ հրաժարական է տվել։ Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և նախարարների հրաժարականը երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց նա՝ կոչ անելով հրաժարականներ չտալ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները։
«Այսօր ՀՀ-ն ՊՆ-ից ավելի շատ կարիք ունի ԱԳ նախարարության, դիվանագիտական հզոր ճակատի, ինչը չունենք»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ Մարուքյանը երաշխիք ունի՞, որ Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, որի պատասխանատվությունը չի ցանկացել ստանձնել Արա Այվազյանը, պատգամավորը պատասխանեց․
«Ես Նիկոլ Փաշինյանի երաշխավո՞րն եմ, որ երաշխիք ունենամ, բան կուզենա ստորագրել, կիմանանք, մենք էլ մեր գործողությունները կանենք։ Ինչ վերաբերում է ԱԳ նախկին նախարարին, որ դուրս է եկել՝ պատասխանատու չդառնալու համար, ես այդքան չէի խորանա, որովհետև չեմ կարծում, թե նման բան կա, իսկ եթե նման բան կա, ոչ թե պետք է դուրս գալ, այլ մնալ, կռիվ տալ, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ չստորագրվի»,-ասաց նա՝ նշելով նաև, որ եթե իր առաջարկները Նիկոլ Փաշինյանը ընդուներ, երկիրն այս վիճակում չէր լինի։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբջանի նախագահի հայտարարություններին, Մարուքյանն ասաց
«ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին, իսկ ապաշրջափակման մասին կարող ենք խոսել․ սահմանները բոլոր կողմերից պետք է բացվեն վաղ թե ուշ, բայց ՀՀ տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ»,-ասաց նա։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ու դիտարկմանը, թե քաղաքական ուժերը մարզեր են այցելում, նախընտրական խոստումներ տալիս, պատգամավորն արձագանքեց․ «Գործող ընտրական օրենսգրքով մինչև ընտրական քարոզչության պաշտոնական օրը այլ եղանակներով քարոզչությունն արգելված չէ, օրենքի խախտում չկա մարզեր գնալու հարցում»,-ասաց նա։