Լոնդոնի Քյուի թագավորական բուսաբանական այգին, որը հայտնի է նաեւ որպես Kew Gardens, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում բույսերի ամենամեծ հավաքածուի համար, հայտնել է BBC-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Լոնդոնի դենդրոպարկը 2019 թվականին ունեցել է 16.9 հազար եզակի բուսատեսակ: Այժմ բուսաբանական այգու հավաքածուն էլ ավելի տպավորիչ է դարձել:

«Մենք ուրախ ենք, որ բույսերի ամենամեծ հավաքածուի ռեկորդը մերն է», - BBC-ին ասել է բուսաբանական այգու այգեգործության գծով տնօրեն Ռիչարդ Բարլին: Ընդ որում, Kew Gardens-ի վարչակազմը ակնկալում է, որ բույսերի թիվը զգալիորեն աճելու է:

Թագավորական բուսաբանական այգուն է պատկանում աշխարհում սերմերի ամենամեծ պահոցը: Սերմերի բանկը պարունակում է գրեթե 40.000 բուսատեսակների ավելի քան 2.4 միլիարդ սերմ:

1759 թվականին հիմնադրված Թագավորական բուսաբանական այգին ամբողջ աշխարհում հայտնի է որպես բուսական աշխարհի բազմազանության ուսումնասիրման կենտրոն: Այն 2003 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

132 հեկտար տարածքի այգիները գտնվում են Լոնդոնի հարավ-արեւմուտքում՝ Ռիչմոնդի եւ Քյուի միջեւ, եւ պարունակում են ֆլորայի բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, օրինակ՝ Տիտանական ամորֆոֆալուսը, որը պաշտոնապես աշխարհի ամենաբարձր եւ հոտավետ բույսն է համարվում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն