«Զապադ-2021»-ի ռազմավարական զորավարժությունների շրջանակում մոնիթորինգի անվան տակ հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալների ճշգրտման մասին «Հրապարակը» տեղեկացրել էր․ այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում: Եվ որ հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին։

Սա ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ամենակարևորի մասին։ Բայց նաև պակաս ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան։ Օրինակ՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համատեղ հռչակագրի այն կետը՝ արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագրի և համատեղ ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, դատախազության ու դատարանների ստեղծման մասին։

Համատեղ ռազմական հետախուզությո՞ւն։ Սա, առհասարակ, նուրբ բան է։ Այն էլ մի կառույցի շրջանակներում, որտեղ անդամ պետությունները ռուսաստանյան վերլուծաբանների, քաղաքագիտական շրջանակների հավաստիացմամբ՝ ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշումներ ունեն և ավելին՝ թշնամական են վերաբերում Հայաստանին։ Ինչո՞ւ, ուրեմն։ Հարցն ուղղում ենք ռուսաստանյան վերլուծաբան Մոդեստ Կոլերովին, որն ասաց․

«Նախ, սա ընդամենը հռչակագիր է, և երկրորդ՝ ռազմական հետախուզությունը կարող է ստեղծվել բացառապես Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համատեղ։ Իսկ այն, ինչ գրված է, սոսկ ձևակերպում է»։

Ինչ վերաբերում է գերժամանակակից սպառազինություններին, ապա Մոդեստ Կոլերովն ի պատասխան ասաց, որ ռազմական գաղտնիքին չի տիրապետում, բայց համոզված է, որ այն նախատեսված է Կենտրոնական Ասիայի անդամ-պետությունների համար ՝ «ուղղված թալիբական վտանգի դեմ»։

Հիշեցնենք նաև, որ ըստ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար գրում են, թե մտադիր են աֆղան փասխտականներին բնակեցնել Սյունիքին հարող շրջաններում՝ փորձելով տարածաշրջանում փոխել ժամանակագրական պատկերը։

Մոդեստ Կոլերովն ասում է, որ դա կլինի շատ մեծ սխալ։ «Եթե Ալիևն ուզում է ավելացնել իր գլխացավանքը, ապա թող վերաբնակեցնի։ Նրանք այլ էթնոս ունեն, կրոն, և Ադրբեջանն ի վիճակի չի լինելու վերահսկել այդ էթնոսին»։

Ինչո՞ւ, նման փորձ ունի Ադրբեջանը։ Ի վերջո, ՌԴ հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էր 44-օրյա պատերազմի օրերին հայտարարում Արցախ բերված սիրիացի վարձկանների մասին։ Կոլերովը պատասխանեց․«Բայց գնացին չէ՞, չմնացին»։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն