Մի քանի շաբաթ առաջ ելույթներիցս մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ, առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են։ Իշխող խմբակցության կողմից եղավ դիտարկում, որ ես անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ, ճիշտ եմ անում, որովհետեւ կամ դեպքեր, երբ դրանք այնքան ակնհայտ են, որ այլ որակում տալ հնարավոր չէ։ Այդ տրամաբանության մեջ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատը տրամաբանական է։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այստեղ կարելի էր ներառել նաև պատերազմին Թուրքիայի դերակատարման մասին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարությանը, որ իրենք էլ պատրաստվում են ՀՀ-ի դեմ գանգատ ներկակացնել, այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական։ Միջազգային հանրության համար հստակ է, թե որ կողմից են կատարվել միջազգային իրավունքի նորմերի խախտումներ։

Ինձ համար անհասկանալի, թե ինչու ՀՀ պաշտոնատար անձանց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատներ ներկայացնելուց տրամաբանությունից»,-ասաց։

Լրագրողների հարցին` ինչ քննարկումներ են եղել օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանը նշեց. «Մենք նման հանդիպումներ պարբերաբար ունենում ենք, գտնում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ իրավիճակում, այդ թեմայով ունեցել ենք քննարկումներ՝ պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները։ Մենք չեն հրաժարվել փողոցային պայքարից։ Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների»։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին առաջացած ճգնաժամից՝ Սաղաթելյանը հարցադրում արեց՝ ինչու են իշխանությունները առանց սահմանազատման և սահմանագծման գործողությունները սկսելու բանավոր կերպով այդ տարածքները հանձնում Ադրբեջանում։

Անդրադառնալով վարչատարածքային բաժանման օրենքի իրավական հենքերից, Վարդևանյան նշեց.«Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, այդ օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր և ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղծված իրավիճակին։ Հիմա, եթե մենք վարչատարածքային բաժանման օրենքում նշենք, որ ՀՀ սահմանները մինչև Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը»։

Վարդևանյանը նշեց, որ բանավոր պայմանավորվածության հիման վրա զորքերի դուրս բերումը առնվազն գտնվում է Քրեական օրենսգրքի տիրույթում։



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն