«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարները ուղղելու են սոցիալական խնդիրների լուծմանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին պարգևատրելու ԱԺ նախագահի որոշման առնչությամբ:
«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝ զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»,- գրել է Արթուր Վանեցյանը:
Hetq.am