Կյանքս գլխիվայր փոխվել է՝ մարզահագուստից կոստյում, «պարոն Դավթյան»: Սպորտից չեմ հեռանում, դեռ մեծ նպատակներ ունեմ ու լինելու եմ այնքան, որքան առողջությունս թույլ տա: Աշխատանքն ու մարզումներս կհամատեղեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը:

Սեպտեմբերի 16-ից Վահագն Դավթյանը Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարն է: Երիտասարդ մարմնամարզիկը հայտարարված մրցույթի արդյունքներով է ստացել պաշտոնը: Մարմնամարզությունից չի հեռանում, պաշտոնավարմանը զուգահեռ նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Վահագն, շնորհավորում եմ նոր պաշտոն ստանալու կապակցությամբ: Ինչպե՞ս հայտնվեցիր Երեւանի քաղաքապետարանում:

Շնորհակալ եմ: Գիտեի, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի ղեկավարի մրցույթ պետք է հայտարարվի: Ի սկզբանե ցանկություն ունեի փորձել, բայց չգիտեի, թե երբ է լինելու: Բացի իմ ցանկությունը, կողքից նաեւ շատերը խորհուրդ տվեցին: Չնայած ցանկությունս մեծ էր, բայց նախքան մրցույթին պատրաստվելը, առաջնահերթ մտածեցի մարզումներիս մասին: Քննարկեցի, հասկացա, որ մրցույթն անցնելու դեպքում, կարող եմ մարզումներս համատեղել աշխատանքի հետ: Ես չեմ հեռացել սպորտից, շարունակում եմ ու դեռ երկար եմ լինելու այնքան, որքան հնարավորությունս ների: Այս փուլում էլ պատրաստվում եմ աշխարհի առաջնության ընտրական մրցմանը:

Ի՞նչ փուլերով անցար մրցույթը: Բա՞րդ էր:

10 օր առաջ տեղեկացա մրցույթի անցկացման օրվա մասին: Անմիջապես սկսեցի պատրաստվել: Հարցաշարում սպորտից, իմ մասնագիտական ոլորտից քիչ հարցեր կային: Հիմնականում պարապել եմ սահմանադրություն, համայնքային ծառայություն, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքներ, հոդվածներ եւ այլն: Ծավալներն էլ բավական մեծ էին: Օր ու գիշեր սովորեցի, կարդացի:

Մի քանի փուլերով անցավ մրցույթը: Թափուր պաշտոնի միակ թեկնածուն չէի: Առաջին փուլում մասնակցեցինք 4 հոգով: Թեկնածուների թվում մարզաշխարհի ներկայացուցիչներից  «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն էր, մյուս թեկնածուներն անծանոթ էին:

Առաջին փուլում 40 հարց էր, որից 37-ը  ճիշտ պատասխանեցի եւ ամենաբարձր միավորները վաստակեցի՝ 92.5: Հաջորդ փուլ անցնելու անցողիկ շեմը 85 միավորն էր: Անցա հարցազրույցի փուլ, որը նույնպես հաղթահարեցի: Հետաքրքիր զրույց-քննարկում,  ավելի շատ սպորտային ստացվեց երկրորդ փուլը: Ներկայացրի սպորտի զարգացման, մանկապատանեկան սպորտի կարեւորության, զարգացման իմ տեսակետը: Հաջողությամբ հաղթահարեցի նաեւ հարցազրույցի փուլը: Այս ամենը բարդ էր ինձ համար, բայց հաջողվեց:

Լինելով գործող մարզիկ, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, ո՞րն էր բարձր պաշտոն ստանալու ցանկության հիմնական դրդապատճառը:

Երեւի ոլորտին լավ ծանոթ լինելը: Ցանկություն ունեմ ոլորտում ավելի շատ կարգավորումներ, դրական փոփոխություններ մտցնել: Դժվար է այդ ամենն իրականացնելը. սպորտը նեղ մասնագիտական ոլորտ է, պահանջներն այլ են, իմ պատկերացմամբ: Պայման, մարզադպրոցների նպաստավոր վիճակ, մարզագույք, մարզադպրոցներում մարզաձեւերի բաշխվածություն եւ այլն: Սիրով եմ անում, ինձ հետաքրքիր է, առավել մեծ սիրով եմ աշխատում հատկապես, երբ նաեւ մարզումներիցս հետ չեմ մնում:

Քաղաքապետարանի ենթակայության տակ 41 մարզադպրոց կա: Մարզադպրոցների գործունեությանը, մարզաձեւերին լավ եմ տիրապետում,  մարզադպրոցների տնօրեններին մեծ մասին շատ լավ եմ ճանաչում, իրենք էլ ինձ: Խորքից գիտեմ պրոցների բոլոր բացթողումներն ու առավելությունները, խնդիրները: Միակ նորությունն ինձ համար թղթաբանությունների, այդ բյուրոկրատական վիճակներն է:

Այս պահին ի՞նչ խնդիրներ ես առանձնացրել քեզ համար, որոնք նպատակ ես դրել լուծել եւ համարում ես առաջնահերթություն:

Առաջնային նպատակս համայքների մարզադպրոցների պայմանների բարելավումն է: Ուզում եմ, որ մեր դպրոցները գոնե մի քիչ հապատասխանեն չափանիշներին, համազոր լինեն սպորտի զարգացմանը:

Գլխավոր խնդիրս արդյունք տեսնելն է: Մեծ թվով երեխաներ են այսօր մարզվում մարզադպրոցներում: Ուրախ եմ, որ երեխաները կտրվում են բակից, սպորտով են զբաղվում, բայց պետք է նորմալ պայմաններ ապահովենք նրանց համար, որ այդ մարզումները զուտ ֆիզկուլտուրայով զբաղվելու, խմբակ հաճախելու մակարդակում չմնա: Մարզադպրոցները պետք է այնպես աշխատեն, որ ապագա պրոֆեսիոնալ մարզիկներ դուրս գան այնտեղից, մարզաձեւերի տարբեր տարիքային խմբերի հավաքականների անդամներ դառնան, մեր երկրի դրոշը բարձրացնեն խոշոր մրցաշարերում: Սա է իմ գերխնդիրն ու նպատակը. արդյունք: Ուզում եմ, որ մեր մարզադպրոցները չեմպիոններ ունենան:

Ի՞նչ փուլում է Ալբերտ Ազարյանի նորոգման մարզադպրոցի հարցը:

Մեր մարզադպրոցի հարցը նոր մասնաշենքի շինարարության աշխատանքների նախագծա-նախահաշվարկային փուլում է: Մեծ հույս ունեմ, որ շուտով նախագիծը տենդերի կդրվի եւ բուն աշխատանքները կսկսվեն: Մեր մարզադպրոցի հարցում Կառավարությունն ու քաղաքապետարանը համատեղ են աշխատում նախագծի վրա: Ես ստանում եմ թղթեր, ըստ որոնց Կառավարությունը հետաքրքրվում է, թե որ փուլում ենք, որպեսզի իրենք էլ իրենց կողմից աջակցություն ցույց տան: Ես փորձում եմ ձեռքս զարկերակին պահել, հետեւողական լինել, խորհրդակցություններին ներկա եմ լինում, սպորտային մասով՝ դահլիճների կառուցվածքի, չափերի հարցում ուղղություն եմ ցույց տալիս: Մեծ հույս ունեմ, որ մեր մարզադպրոցի հարցը կլուծվի:

Մարզադպրոցների, մարզաձեւերի առումով, կարողանու՞մ ես օբյեկտվիություն պահպանել:

Լիարժեք օբյեկտիվ եմ: Հավաստիացնում եմ, որ համայնքային մարզադպրոցների մեջ իմ մարզադպրոցից առավել մի դպրոց չկա: Խնդիրը զուտ այն է, որ մեր մարզադպրոցի արդյունքները  պայմաններին չի համապատասխանում: Եթե կողմնապահություն անեմ, մյուս մարզադպրոցներն ուղղակի կանտեսեմ, իսկ այդպես չի կարող լինել:

Վերադառնալով քո մարզական կարիերային. ինչպե՞ս ես համատեղում մարզումներն ու  աշխատանքը:

Աշխատանքային գրաֆիկս այնպես է, որ միայն  գրասենյակում չեմ: Ունենում եմ այցելություններ մարզադպրոցներ, հանդիպումներ դրսում, նաեւ պարտադիր ժամանակ եմ տրամադրում մարզումներիս, որն առաջնահերթ է ինձ համար: Կարգավորում եմ: Ստացվում է համատեղել:  

Պատրաստվում եմ աշխարհի առաջնության ընտրական փուլին: Սեպտեմբերի 18-ին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ստուգողական մրցում կանցկացնենք: Մեր թիմն այժմ հավաք է անցնում Թբիլիսիում: Ես այստեղից տեսագրությունով վարժությունս կանեմ օղակների վրա, Արթուր Ավետիսյանն այնտեղ կանի եւ մարզիչները կորոշեն, թե մեր երկուսից ով պետք է մեկնի աշխարհի առաջնության: Ընտրական մրցմանը պետք է մասնակցեր նաեւ Արթուր Թովմասյանը, բայց նրա վնասվածքը դեռ խանգարում է: Իմ եւ Արթուր Ավետիսյանի միջեւ է որոշվելու:

Եթե կա ցանկություն եւ նպատակ, համատեղելի է մարզումներն ու աշխատանքը: Սպորտում իմ նպատակը չի փոխվել՝ մաքսիմալ լավ արդյունքներ ցույց տալը, մեդալներ նվաճելը: Որքան առողջությունս եւ նպատակս թույլ տա, լինելու եմ սպորտում:

Վահագն, կյանքդ փոխվե՞լ է:

Գլխիվայր... Եթե անկեղծ՝ քնել-արթնացել եմ, կյանքս փոխվել է. կարգավիճակ, շփման ոլորտ,  կոստյում: Լրջությունն ավելացել է: Պատասխանատու է ղեկավար պաշտոնում լինելը:

Կյանքս փոխվել է, բայց ինձ չի փոխել: Անձս չի փոխվել ու երբեք չի փոխվի, ինչ պաշտոնում էլ լինեմ կամ չլինեմ: Սկզբում ամեն ինչ անսովոր էր՝ մարզահագուստից կոստյում,  «պարոն Դավթյան»...  Ընթացքում հարմարվեցի ամենին ու կոստյումին:

Լուսինե Շահբազյան



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն