Ֆրանսիան AUKUS դաշինքի պատճառով հետ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական կողմի նման քայլը հաջորդել է երկու երկրների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությանը, համաձայն որի` անվտանգության հարցով համագործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը:
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջության հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է:
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու՝ AUKUS-ի մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: