Լիբանանից հայրենադարձություն կազմակերպելու խնդիր այս պահին դրված չէ
Նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն գլխավորում Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Այնուամենայնիվ, առկա ճգնաժամը Լիբանանում դեռ երկար կպահպանվի։ Լիբանանի հայկական համայնքում տրամադրությունները Հայաստան գալու և հաստատվելու, պահպանվում են, սակայն կարևոր է՝ Հայաստանում հաստատվելուց հետո Հայաստանի կառավարությունը նրանց խնդիրներին ինչպիսի լուծում է տալու։
Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ:
«Լիբանանի շուրջ իրավիճակի լարումը մի քանի տարվա պատմություն ունի: Դեռևս 2018-ից կարելի է ասել, Լիբանանում ֆինանսատնտեսական, կառավարման, առողջապահական չգնաժամ է սկսված, որը, ցավոք, այդ երկրի կառավարությունը չի կարողանում հաղթահարել: Գիտենք, որ մի քանի օր առաջ կառավարություն ձևավորվեց մեկ տարվա բացակայությունից հետո, բայց խնդիրներն այնքան շատ են, որ շատ դժվար է ասել, որ առաջիկայում հնարավոր կլինի խուսափել խնդիրներից:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, Հայաստանի ԱԳՆ-ն կապի մեջ են ինչպես Լիբանանում մեր դեսպանության, այնպես էլ այդ երկրում գործող մեր տարբեր կառույցների հետ, և իրավիճակը ամենօրյա ռեժիմով մեր ուշադրության կենտրոնում է: Մենք պատկերացնում ենք այդ երկում խնդիրների շրջանակը. Պարենային ճգնաժամ է, էներգետիկ ճգնաժամ է, առողջապահական կոլապս: Այդ ամենն իր ներգործությունն ունենում է նաև համայնքի վրա»,-ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով, դեռևս 2020-ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և կառավարությունը կարիքները վեր հանեցին և Սփյուռքի հանձնակատարը հումանիտար բեռով մեկնեց Լիբանան, 3 ինքնաթիռ հումանիտար բեռ ուղարկվեց, և այդ ինքնաթիռներով Հայաստան ժամանեցին մեր այն հայրենակիցները, որոնք այդ պահին ուզում էին դուրս գալ Բեյրութից:
«Պայթյունից հետո հաջորդող երեք ամիսներին շուրջ 2000 մարդ Լիբանանից վերադարձել է Հայաստան: Մենք նրանց դիմավորել ենք և հոգացել մի շարք կարիքներ: Կառավարությունը մշակել էր լիբանանահայերի ինտեգրման փաթեթ, որը շրջանառության մեջ է դրվել 2020-ի սեպտեմբերին: Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված փաթեթը չընդունվեց, այսինքն ամբողջական տեսքով չընդունվեց, բայց փաթեթի առանձին բաղադրիչներ այնուամենայնիվ, մեր գրասենյակն իրականացրել է:
Դրանց շարքում էր առողջապահական, կրթական խնդիրների լուծումը, դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելու հարցը: Բացի այդ մենք հասանք նրան, որ Երևանի ավագանին որոշում կայացրեց, որ Լիբանանից եկած և ՀՀ-ում գործունեություն սկսող մեր հայրենակիցների համար տեղական տուրքեր չվճարելու կարգ մտցվեց: Պետական փաստաթղթեր ստանալիս՝ կարցության կարգավիճակ, քաղաքացիություն, պետական տուրքերը չեղարկվեցին: Մենք փաթեթից միայն մեկ բաղադրիչ չենք կարողացել իրականացնել նախորդ տարի, դա ժամանակավոր բնակվարձի տրամադրումն էր:
Հետպատերազմյան շրջանում Բեյրութից եկող մեր հայրենակիցների հոսքը կանոնակարգվեց, սակայն 2021-ին Լիբանանում խնդիրները շարունակում են մնալ չլուծված և այսօր էլ Լիբանանում բարդ իրավիճակ է: Լիբանանյան արժույթը 10-12 անգամ արժեզրկվել է, աշխատանքի շուկայում ճգնաժամ է, միջին աշխատավարձը կազմում է շուրջ 30-50 դոլար: Դրան զուգահեռ ապրանքների գների բարձրացում է նկատվում: Այնտեղ կա դեղորայքի խնդիր, պարենային խնդիր, հիգիենայի ու առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր»,-ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցը:
Նա հավելեց, որ իրենք առանձին տեղեկանք ենք կազմել Լիբանանում իրավիճակի վերաբերյալ, առաջարկներ են ներկայացրել կառավարությանը ու սպասում են համապատասխան որոշման. «Մենք առաջարկելու ենք, որ գործարկվի լիբանանահայերին վերաբերող փաթեթը: Դրա մեջ կա նաև ֆինանսական աջակցության բաղադրիչը: Ելնելով այսօրվա մեր հնարավորություններից, մենք կունենանք համապատասխան արձագանք՝ դա հնարավոր է, թե ոչ: Կառավարությունը կորոշի, թե օժանդակության ծավալները որոնք կարող են լինել; Նրանց առողջապահական խնդիրները պատրաստ ենք լուծել, կրթական խնդիրները, փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Աշխատանքի տեղավորման հարցում համագործակցում ենք ոլորտային նախարարության և մասնավոր սեկտորի հետ: Շուտով կունենանք առանձին պայմանագրեր այդ ուղղությամբ: Իսկ բնակվարձի ժամանակավոր փոխհատուցման հարցում պետք է սպասենք կառավարության հնարավորություններին»:
Հարցին, թե արդյոք Լիբանանում գտնվող մեր կառույցներից առաջարկներ ստանում են, թե ինչ է իրենց հարկավոր Հայաստան վերադառնալու դեպքում, Ալեքսանյանը պատասխանեց, որ ստանում են առաջարկներ զանգերի, նամակների տեսքով. «Մեզ մոտ են այցելում նոր տեղափոխված ընտանիքները: Իհարկե, շատ առումներով աջակցության կարիք ունեն, այդ թվում ֆինանսական աջակցության ակնկալիք կա:
Լիբանանահայերի մեծ մասը երկքաղաքացիներ են, նրանց մի մասը Հայաստանում ունի տուն, աշխատանք, մի մասը փնտրտուքի մեջ է: Լիբանանի հայ համայնքը մեծ կարևորություն ունի, և կազմակերպված հայրենադարձություն կազմակերպելու խնդիր այս պահին դրված չէ: Այլ բան է, որ մեր այն հայրենակիցները, որոնք Լիբանանում անտանելի պայմաններում են և մտադիր են դուրս գալ երկրից, մեր խնդիրն է նրանց ուղղորդել դեպի Հայաստան»,-ընդգծեց նա:
1in.am