ԱՄՆ-ն խոստովանել է, որ օգոստոսի 29-ին ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուի հարվածի արդյունքում Քաբուլում զոհվել է 10 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քենեթ Մաքքենզին՝ ներկայացնելով ռազմական հետաքննության արդյունքները։ 

Մաքքենզին պատմել է, որ ամերիկյան հետախուզությունը 8 ժամ հետևել է բարեգործական հիմնադրամի 43-ամյա աշխատակից Զեմարի Ահմադիի ավտոմեքենային՝ կարծելով, թե նա կարող է կապ ունենալ «Խորասանում Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Մասնավորապես, Ահմադիի ավտոմեքենան տեսել են ահաբեկիչների հետ կապ ունեցող տարածքում։




Ըստ Մաքքենզիի՝ ինչ-որ մի պահի, անօդաչուն նկատել է, որ ավտոմեքենայում տղամարդիկ բարձում են ինչ-որ բան, որը նման է պայթուցիկի, չնայած դրանք եղել են ջրով լցված պլաստիկ բաքեր։ «Դա սխալմունք էր, և ես հայցում եմ իմ անկեղծ ներողությունը»,- նշել է Մաքքենզին։ Նրա խոսքերով՝ քիչ հավանական է, որ զոհվածները կապ ունենային ահաբեկիչների հետ կամ սպառնալիք հանդիսանային ամերիկյան զորքերի համար։ Պենտագոնն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է փոխհատուցել զոհվածների ընտանիքներին։ 

Զեմարի Ահմադին աշխատում էր կալիֆոռնիական Nutrition and Education International կազմակերպությունում, որն Աֆղանստանում օգնում էր սովյալներին։ Զոհերից մյուսը՝ Ահմադ Նասերը, ամերիկյան զորքերում աշխատում էր որպես թարգմանիչ։ Զոհերի հարազատները նշում են, որ նրանք ունեցել են ԱՄՆ մուտքի վիզա և սպասում էին, թե երբ ամերիկացիներն իրենց դուրս կբերեն Աֆղանստանից։ Ավիահարվածներից զոհվել է նաև 7 երեխա, իսկ նրանցից կրտսերը՝ Սումայան եղել է 2 տարեկան։


Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն