«Օդ ցնդե՞ց էդ էրեխեն: Թող բերեն, գոնե դիակը տան, որ ես իմանամ, թե որտեղ եմ լացում»,- Հերացի փողոցում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ ասաց Ալվինա Ներկարարյանը, ում որդու՝ 2001 թ. ծնված  Հովհաննեսի Ներկարարյանի զոհվելու մասին իրեն  հայտնել են հոկտեմբերի 13-ին: Տղան ծառայել է Հադրութում:

Նա նշեց՝ ասում են, կորել է դիակը, ո՞ւր է կորել. «Ստեփանակերտում ասում են՝ ուղարկել են Գորիս, Գորիսից ասում են՝ ուղարկել են այստեղ: Չեն թողնում մտնենք դիահերձարանները, նայենք, ասում են՝ սպասեք ԴՆԹ-ի: Դիակներն արդեն փտել են: Ինչքան սպասեմ: Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն»:

Հիշեցնենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտից երկու կողմից փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, որ պարզել են՝ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Կասկած կա զինծառայողների ծնողների մոտ և հիմա գնում ենք ստուգումների: Իրենք չեն հավատում, դա ընդամենը ստուգողական գործողություն է, ուրիշ ոչ մի բան»,- նշեց նա:

Հարազատներից Արսեն Ղուկասյանն ասաց, որ պատրաստվում են ծնողներով շրջել հանրապետության դիահերձարաններով՝ ճշտելու դիակների, մասունքների հստակ թիվը:

«Ծնողին մի օր տալիս են իր որդու մասունքներից մի մաս, տանում, հուղարկավորում է, հաջորդ օրը ասում են՝ էլի մասունք են գտել: Ոնց որ այս ԴՆԹ գործընթացն անվերջ է դառնում: Չի վերջանում՝ երբ, ինչքան»,- նշեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն