ՌԴ եռօրյա ընտրությունների ներդրման փորձը լավ օրինակ կարող է հանդիսանալ մյուս երկրների համար
Ինչպես հայտնի է ՌԴ Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Քաղպայմանգրի պատգամավորներից ձեւավորված ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 16-20-ը գործուղվել է Մոսկվա։ Ընդդիմադիրներից ներկայացուցիչներ չկան, քանի որ ԱԺ նախագահը մերժել է Արմեն Գեւորգյանին եւ Հայկ Մամիջանյանին ընդգրկել պատվիրակության կազմում, նրանք անցնում են քրգործով եւ ստորագրություն են տվել երկրից չբացակայելու վերաբերյալ։ ԱԺ պաշտոնական կայքը անդրադարձել է ՌԴ-ում գտնվող պատվիրակության այցին, ներկայացրել Վլադիմիր Վարդանյանի հարցազրույցից հատված անհայտ լրատվականի.
«ՌԴ ԴԺ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին:
«Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը եւ Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի առնելով ընտրական գործընթացներում միջազգային շփումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ կարեւոր է ընտրական տարբեր գործընթացներում դիտորդական առաքելության իրականացումը»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն այդ ուղղությամբ նպաստում է աշխարհում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: «Իսկ Ռուսաստանի երեքօրյա ընտրությունների անցկացման վերաբերյալ ներդրման փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Միգուցե նման օրինակը կարող է վերածվել նոր չափանիշի»,-ասել է նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համավարակի պայմաններում պետք է ելնել սահմանադրական այն արժեքներից, որոնք անհրաժեշտ է պաշտպանել»:
Hraparak.am