Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի հետ միասին հակադրվում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային Արցախի կարգավորման օրակարգային հարցերի շուրջ
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Եվրոպայի նախարարության և ֆրանսիայի ԱԳ նախարարության՝ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետի տեղակալ Սիլվեն Գիոգեին: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայտնի սկզբունքների հիման վրա վերսկսելու անհրաժեշտությունը:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ներկա դրությամբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բանակցություններ են վարում Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի արցախյան հակամարտության կարգավորման հարցում գան ընդհանուր հայտարարի․«Տեսլականը, որը կարելի է գուշակել տարբեր կողմերի հայտարարություններից այն է, որ Արցախում հարկավոր է մտցնել ՄԱԿ-ի մանդատով այլ կառավարում, որը կապահովի ապահով պայմաններ որոշակի ժամկետում Արցախում հանրաքվե անցկացնելու համար։ Հենց դա էլ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համարում են, որ ադրբեջանական զորքերը պետք է հնարավորինս շուտ դուրս բերվեն Շուշիից ու Հադրութից։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ղուկասյանն ընդգծեց՝ խոսքը գնում է անվտանգության երկարատև երաշխիքների մասին, որոնք են ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղարար ուժեր․ «Դրանք կապահովեն Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև անհրաժեշտ անվտանգ գոտիներ։ Սրանք են այն օրակարգային հարցերը, որն առաջ է բերում միջազգային հանրությունը։ Իհարկե կարևոր են նաև մնացած հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում համագործակցության համար պայմաններ ստեղծելուն․«Դա Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումն է, Ադրբեջանի կողմից Հայաստանի կոմունիկացիաների ապաշրջափակումը և Հայաստանի կողմից Ադրբեջանին դեպի Նախիջևան կոմունիկացիաների բացումն է։ Այս հարցերն ի թիվս այլ հարցերի նույնպես առկա են այն օրակարգում, որը Մինսկի խումբը միշտ ուներ և հիմա շարունակում է այդ օրակարգով աշխատել»։
Ռուսաստանի Դաշնության փորձերը շեղել համանախագահների աշխատանքն ու կոմպրոմիս գտնել ստեղծված իրավիճակի մեջ, Մինսկի խմբի՝ տարիների ընթացքում մշակած ծրագրերի միջև՝ դեռևս չի հաջողվում․ «Այդ առումով ռուսական ռազմական միջամտությունը Արցախում դիտվում է որպես ժամանակավոր գործողություն, որին պետք է փոխարինեն միջազգային խաղաղարար ուժերը՝ ՄԱԿ-ի մանդատով։Այսօր ռուսական ռազմական ներկայությունն Արցախում չունի որևէ մանդատ և այդ իրավիճակը վկայում է, որ տևական ժամանակ այդ զորքերն այնտեղ մնալ չեն կարող»։
Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը ձգտում է վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները, քաղաքագետն ասաց․ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակցին է և միջազգային հարաբերություններում ղեկավարվում է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնեցված օրակարգով։ Հայաստանի իշխանություններն այսօր համարում են, որ հարկավոր է պահպանել պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոն, կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Մեծ հաշվով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները, ինչպես նաև Ռուսաստանը հակադրվում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային Արցախի կարգավորման օրակարգային հարցերի շուրջ, ինչը լրջագույն խոչընդոտ է կոնֆլիկտի կարգավորման համար»։
1in.am