Ադրբեջանցիները զենքով սպառնացել են Տեղ համայնքի Խնածախի հովիվներին՝ պահանջելով անասուններին արոտ չտանել, հովիվների մոտ զենք է եղել, ինքնապաշտպանվել են. համայնքի ղեկավար
Նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել են հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
«Գրեթե միշտ Ադրբեջանական կողմից կան այդ սպառնալիքները, որ ասում են անասուններին մի մոտեցրեք մեր դիրքերին, և մեր հովիվներն էլ, միևնույն է, իրենց գործն են անում, ստեղծված իրավիճակում դա բնական է, և ամեն օր նման բաներ կան: 50-100 մետրի վրա արդեն սկսում են սպառնալ և գոռգոռալ, որ անասուններին հետ տանեն, որ հանկարծ չմոտեցնեն»,- ասաց Ներսես Շադունցը:
Նա նաև հավելեց, որ հովիվների մոտ զենք է եղել, և նրանք ի վիճակի են եղել ինքնապաշտպանվել:
«Ես այդ գյուղի վարչական ղեկավարին ինքս եմ մի քանի միավոր զենք տվել, որ նրանք անհրաժեշտության դեպքում կարողանան ինքնապաշտպանվել և իրականացնել համապատասխան գործողություններ: Ներկա իրավիճակում, երբ երեխան ծնվում է, պետք է զենքը կողքը դնես»,- նշեց համայնքապետը: