Ավստրալիայի կողմից ֆրանսիական սուզանավեր գնելուց հրաժարվելու պատճառով առաջացած խնդիրները մոտ օրերս կքննարկեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը, գրում է Независимая Газета-ն:

Այդ մասին կիրակի հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Բայդենը դիմել է նախագահ Մակրոնին՝ իրավիճակը քննարկելու առաջարկով: Զրույցը կկայանա մոտ օրերս», - ասել է կառավարության ներկայացուցիչը:

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը մեծապես կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի սահմանման վրա, բայց դա չի հանգեցնի Փարիզի դուրս գալուն Հյուսիսատլանտյան դաշինքից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Info2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի է Twitter-ում:

«ՆԱՏՕ-ն հանրապետության նախագահի խնդրանքով նախաձեռնել է քննարկում դաշինքի հայեցակարգի վերաբերյալ: Մադրիդում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կաշխատի նոր ռազմավարական հայեցակարգի վրա: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը կազդի դրա սահմանման հետ», - ասաց նախարարը:

Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ Փարիզի պես դաշնակցի հետ հարաբերություններում Վաշինգտոնի ներկայիս վարքագիծն անընդունելի է: Մինչդեռ Le Point-ի հոդվածագիր Ժան Գինելը Ավստրալիայի հետ գործարքի ձախողումն անվանել է Ֆրանսիայի նվաստացում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն