Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների վարորդներին բերման ենթարկելուն, գրում է IRNA-ն:

Համապատասխան հարցին ի պատասխան Ղաթիբզադեն նշել է.«Իրանը հետևում է հարցին և խնդրել է վարորդներին անհապաղ ազատ արձակել, ինչպես նաև պաշտոնյաների հանդիպում անցկացնել` խնդրին կայուն լուծում տալու համար»:

Բացի այդ, Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը:

«Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,-Ղաթիբզադեի խոսքը մեջբերում է mehrnews.com-ը:

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:

Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:

Բացի այդ, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։

Նաև ադրբեջանցիները ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն