Հյուսիսային Կորեային կասկածել են միջուկային զենք ստանալու նպատակով ուրանի արտադրության ծավալները մեծացնելու մեջ
Հյուսիսային Կորեան աշխատանքներ է իրականացնում ուրանի հարստացման գործարանն ընդլայնելու ուղղությամբ, որն օրգագործում է միջուկային ռումբեր ստեղծելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին ու մասնագետների զեկույցին:
Փորձագետները կասկածում են, որ Փհենյանը ցանկանում է մեծացնել ռազմարդյունաբերական ուրանի արտադրությունը Յոնբենի օբյեկտում 25 տոկոսով: Սեպտեմբերի 1-ին արված արբանյակային նկարներում երեւում է, որ գործարանի տարածքում հատվել են ծառեր եւ նախապատրաստվել է շինարարության համար հրապարակ: Երկրորդ լուսանկարում, որն արվել է սեպտեմբերի 14-ին, երեւում են հիմքի կառուցման աշխատանքները: Ապագա տարածքների մակերեսը կազմում է շուրջ հազար քառակուսի մետր, ինչը, փորձագետների հաշվարկով, բավական է ուրանի հարստացման նպատակով հազարավոր ցենտրիֆուգներ տեղադրելու համար:
Օգոստոսի վերջում հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, կրկին թողարկել է միջուկային ռեակտոր պլուտոնիումի արտադրության համար, որն օգտագործվում է նաեւ միջուկային զենք արտադրելու համար: Ատոմային էներգիայի միջագզային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցի համաձայն՝ հուլիսի սկզբից ի հայտ են եկել մի շարք նախանշաններ, որոնք թույլ են տալիս կասկածել ռեակտորի աշխատանքի մասին, օրինակ, սառեցնող ջրի հոսքը:Վերջին շաբաթվա ընթացքում Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է: Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումներ: Հաղորդվում է, որ փորձարկումների ժամանակ հրթիռները խոցել են 1,5 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախները:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ուսումնական հրթիռային հրաձգություն անցկացնելու մասին: Արձակվել էին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ գնացքից: Նույն օրը մի քանի ժամ անց նորագույն սպառազինության փորձարկում է անցկացրել արդեն Սեուլը. հարավկորեացի զինվորականները հաջողությամբ արձակել են սեփական բալիստիկ հրթիռը սուզանավից: Հարավային Կորեան դարձել է աշխարհում յոթերորդ երկիրը, որն ունի այդ տիպի զենք:
News.am