Նիկոլական ապագայի տեսլականը
Այն, որ ադրբեջանցիներն իրենց տեր ու տնօրեն են զգում Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածում, նորմալ երևույթ է: Եթե դա իրենց է պատկանում, ապա կանեն այն, ինչ ցանկանում են: Մենք, իհարկե, չենք ընդունում այդ հանգամանքը: Բայց մենք ոչինչ չենք որոշում: Որոշողը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որն էլ ընդունել է, որ այդ հատվածն իրենց է պատկանում: Այսքանը: Իսկ մենք անընդհատ զարմանում ու զայրանում ենք, երբ ադրբեջանցիները նորանոր հնարքներ են բանեցնում մեզ ապացուցելու համար, որ մեր միջպետական ճանապարհի այդ հատվածը պատկանում է հենց իրենց:
Ի դեպ, դա ունի նաև նպատակ. Իլհամը Նիկոլից պահանջում է խոստացված սյունիքյան միջանցքը: Իր ողջ էությամբ ՀՀ վարչապետի աթոռին կառչած Նիկոլը չի ուզում կատարել իր խոստումը: Իլհամն էլ, եթե հիշում եք, իր ժողովրդին և մեզ բոլորիս խոստացել է ստանալ միջանցքը՝ ինչ գնով էլ այն լինի: Հետո, իհարկե, կգա Սյունիքից մեզ ընդհանրապես քշելու հերթը: Դա հետո, իսկ հիմա որպես իր խոսքի արժեքը գնահատող անձնավորություն՝ Իլհամն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա իրեն խոստացվածը: Քարերով հարվածում է անցնող հայկական մեքենաներին, տեսալուսանկարում է մեքենաներն ու մարդկանց (մարդու իրավունքների պաշտպաններ՝ ձայն հանե՛ք), իրանական բեռնատարների վարորդներից զոռբայությամբ մաքսավճար է պահանջում ու ստանում: Կանգնեցնում է տրանսպորտը՝ երբ իրեն հարմար է լինում, վարորդներ և ուղևորներ է նվաստացնում՝ հատկապես երեխա, մեքենաների վրայից ջնջում է Արցախի վերաբերյալ ամեն ինչ:
Եվ դա անելու իրավունք էլ ունի՝ այն վաստակել է Նիկոլի շնորհիվ. չէ՞ որ ինքը լուծել է Լեռնային Ղարաբաղի հարցը, և այն այլևս գոյություն չունի: Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե 2018-ին համարյա թե ազգովի չխաբվեինք Նիկոլին: Եվ կամ գոնե 2021-ի հունիսի 20-ին մեր հայրենակիցները պատմության աղբարկղը նետեին Նիկոլին ու նրա թիմակիցներին: Դա նրանք չարեցին՝ հավատալով նիկոլական ապագային: Այդ ապագան արդեն եկել է, ու մենք «վայելում» ենք այն:
Որպեսզի վերջ տրվի այս մղձավանջին՝ մենք պետք է զերբազատվենք Նիկոլից ու նրա ուսապարկերից: Մի խոսքով՝ նիկոլիզմից: Բայց մենք չգիտենք թե ինչպես: Ինքը՝ Նիկոլը, միտք չուներ և չունի զատվելու իր պաշտոնից գոնե որպես խայտառակ պարտության հեղինակ և խորհրդանիշ: Նրանից ազատվել սահմանադրական ճանապարհով չի ստացվում, ոչ սահմանադրական ճանապարհով չենք կարողանում: Հույսներս դրել էինք բանակի գլխավոր շտաբի վրա՝ հուսախաբ արեց: Փորձում էինք հույս դնել անվտանգության ծառայության վրա՝ անընդհատ հուսախաբ ենք լինում: Չնայած, 2020 թվականի պատերազմի հանգամանքով պայմանավորված, այնքան հաղորդումներ կան, որ կբավարարեր տասը Նիկոլ ձերբակալելու համար: Դե, ինչ ասենք՝ մարդիկ ընտանիք են պահում, ու երևի վատ չեն պահում, այլապես հայրենիքի գաղափարն ավելի գերակա կլիներ, քան ընդամենը ընտանիք պահելը: Ի դեպ, 2020 թվականի համեմատ 2021-ին պետական բյուջեից բանակին հատկացվող գումարն ավելացվել է 3,5 մլրդ դրամով, իսկ ոստիկանությանը՝ 17,5 միլիարդով:
Երեկ էլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպվել «Հայկական շարժում» նախաձեռնության կողմից: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջն էր։ Ինչպես և ենթադրում էի, այդ չունեցավ այն «կշիռը», որը մարդկանց զանգվածներ հավաքեր հրապարակում: Էլ չեմ խոսում մարդկանց այնպիսի քանակի մասին, որ պահանջվում է վարչապետի պաշտոնից Նիկոլին քերելու համար: Ի դեպ, շարժումն ու ակցիան, ըստ «Հրապարակ օրաթերթ»-ի, գլխավորում է քաղաքացիական ակտիվիստ Տաթև Վիրաբյանը, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Որքան էլ ցավալի լինի, մարդկանց չի հետաքրքրում կողքիների ցավը, ինչը և հերթական անգամ դրսևորվեց: Ու այս առումով չես կարող չհիշել հայկական «Որտեղ հաց, ընդեղ կաց» արտահայտությունը:
1988-ին մենք ԱԶԳՈՎԻ ոտքի կանգնեցինք հանուն Հայաստանի հետ Լեռնայի Ղարաբաղի միացման: 2021-ին, արդեն մեր օրերում, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ ազգին կարող է ոտքի կանգնեցնել «Covid-19»-ի ձրի ՊՇՌ թեստ հանձնելու նպատակով ծավալվելիք ազգային-ազատագրական պայքարը: Իմ կողմից կավելացնեի, որ դրան կարող է նպաստել նաև տաքսիի սպասարկման վարձավճարի՝ համարյա կրկնակի աճը: Ցավալի է, բայց պետք է ընդունենք, որ մեր ազգի ակտիվ (գոնե տանից դուրս գալու և դեպի ընտրատեղամաս 100-200 մետր քայլելու առումով) մեծամասնությունն այնպիսի աննորմալ վիճակում է, որ մերկանտիլ (շահադիտական) շահը գերակայություն է ստացել հայրենիքի ընկալման նկատմամբ: Բացասական նոտայով չավարտելու համար մեջբերում անեմ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնից. «Կարելի է որոշ ժամանակ խաբել ողջ ժողովրդին, կարելի է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, սակայն անկարելի է մշտապես խաբել մի ամբողջ ժողովրդի»:
Hraparak.am