Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Գերմանիա հանդիպումը դիտելուց
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի համար։ Վերջին խաղում մեր Ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեփ-լեցուն տրիբունաների ներքո ոչ ոքի 1։1 խաղաց Լիխտենշտեյնի հետ։ Այս հանդիպմանը մարզադաշտից հետևել չհաջողվեց հազարավոր երկրպագուների։ Խաղից մի քանի օր առաջ բոլոր տոմսերը սպառված էին։ Սև շուկայում էլ տոմսերի գինը հասնում էր մինչև 40 հազար դրամի։ Երկու տարվա ընդմիջումից հետո այս տարի Երևանում տեղի կունենա ֆուտբոլային, այսպես կոչված, սուպերմրցավեճ։ Նոյեմբերի 14-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Ո՞ր մարզադաշտում կկայանա ֆուտբոլային մեծ հանդիպումը։ Ցավոք պատասխանը պարզ է։ Նման մակարդակի հավաքականի հետ հանդիպումները բնականաբար վերածվում են ֆուտբոլային տոնի: Եթե Հայաստանի ազգային հավաքականի համար Գերմանիայի դեմ հանդիպումը մրցաշարային առումով վճռորոշ լինի, դժվար չէ պատկերացնել ինչ կկատարվի ֆուտբոլասեր հասարակության շրջանում։ Սովորաբար թոփ հավաքականների հետ հանդիպումներին ներկա գտնվելու ցանկություն են հայտնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն իրենց ազգային թիմով:
2019 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մրցավեճից մոտ մեկ շաբաթ առաջ տոմսերն արդեն սպառված էին, իսկ սև շուկայում, օրինակ 1000 դրամանոց տոմսերը վաճառվում էին 10 հազար դրամով։ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է մոտ 14 հազար հանդիսականի։ Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ այս ստադիոնում նման մակարդակի հանդիպումներ անցկացնել ուղղակի չի կարելի։ Ժամանակին մարզադաշտի փոքր լինելու հետ կապված խնդիրները լուծվում էր «Հրազդան» ստադիոնով: Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ: Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը կրկին օրակարգային էր, քանզի 15 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը «Հրազդանում» մրցել էր նույն Իտալիայի հետ: 2012 թվականի հոկտեմբերին այդ հանդիպմանը ներկա էր գտնվել 35-40 հազար հանդիսական: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան: Բացառությամբ Իտալիայի հետ խաղի՝ վերջին երեք ընտրական շրջափուլերում թերևս մեկ-երկու անգամ ենք տեսել լեփ-լեցուն «Հանրապետական»:
Ինչ խոսք, ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում: Տոմսերի գնային քաղաքականության փոփոխությունից հետո՝ 2020 թվականի ընտրական փուլի երկրորդ տուրում, Հայաստանի հավաքականը մարտին Երևնում մրցեց Ֆինլանդիայի հետ: Ու չնայած այս հանդիպումից 3 օր առաջ մեր հավաքականը զիջել էր Բոսնիային, «Հանրապետականը» լեցուն էր, իսկ մարզադաշտերի մոտ մեծ հերթեր էին և հրմշտոց: Մի պահ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստան-Գերմանիա հանդիպման ժամանակ: Հաշվի առնելով Լիխտենշտեյնի դեմ խաղը, մոտավոր հաշվարկով՝ Գերմանիայի խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից զրկվելու է մոտ 30 հազար մարդ: Արդեն իսկ կարող ենք փաստել, որ շատ ծուտով կրկին ականատեսն ենք լինելու ֆուտբոլային հրմշտոցի և տուրուդմփոցի։ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ստեղծված վիճակը ուղղակի պահանջում է արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման հետ կապված գործընթացները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտի կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցով: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է՝ Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության մեջ շատ բան փոխեցին:
Հիմա՝ այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը՝ կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,- ասել էր ՀՖՖ նախագահը: Մելիքբեկյանը հույս էր հայտնել, որ այս տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:
1in.am