Կարեն Սարուխանյան-Նազելի Բաղդասարյան տանդեմն՝ ընդդեմ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի՞. Խմորումներ Գյումրիի իշխանական ճամբարում
Գյումրիի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությանն ընդառաջ Գյումրիում իրավիճակն աստիճանաբար լարվում է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խնդիրները սպառնում են ձախողել նախընտրական շրջանն ու բուն ընտրական գործընթացը, և ըստ էության իշխող թիմը, որքան էլ կեղծ ընդդիմադիր ուժերի դաշտ նետելով՝ ձգտի իր համար բարենպաստ ընտրական ու հետընտրական ֆոն ապահովել, ակնհայտ է, որ թիմի ներսում ՔՊ-ն ունի լրջագույն խնդիրներ ու շահերի բախում:
Առաջիկայում 168.am-ը կանդրադառնա Գյումրու ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակին, դրա գործող անձանց ու նրանց կապերին, այդ թվում՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ:
Մինչ այդ, սակայն, ներկայացնենք մի ուշագրավ ընտրության պատմություն, որն աննկատ մնաց ներքաղաքական գործընթացներում:
Մոտ 10 օր առաջ ընտրություններին ընդառաջ ձևավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու տարածքային խորհրդի կազմը:
Գյումրու տարածքային խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Նախագահը իշխող թիմի՝ Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայրն է՝ այժմ արդեն արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանը, քարտուղարը՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, ով նախորդ Խորհրդարանում, երբ Կարեն Սարուխանյանը պատգամավոր էր, նրա օգնականն էր, այն օգնականը, ով, օրինակ, սեփական կրեատիվ մտքերի բացակայությունը լրացնում էր, ասենք, Արմեն Աշոտյանի տեքստերը copy-paste անելով ու իր ղեկավարի էջում տեղադրելով:
Ինչևէ, Էմմա Պալյանի ջանքերն ըստ արժանվույն են գնահատվել, և նա հիմա ոչ միայն ԱԺ պատգամավոր է, այլև ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի քարտուղարը, ասել է թե՝ արդեն կուսակցական հարցեր է լուծում:
Ի դեպ, Էմմա Պալյանը Շիրակի պետհամալսարանի Ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ է:
Ընտրվել է նաև վերահսկող հանձնաժողով՝ 3 անդամից բաղկացած կազմով, որոնցից մեկը, ի դեպ, ՔՊ-ի ֆրակցիայի քարտուղար Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:
Հետաքրքրիր է, որ ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի ընտրություններին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով առաջիկա ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Վերջինս, սակայն, չի ընտրվել Խորհրդի նախագահ, ավելին, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ ստացել է մեկ ձայն՝ հավանաբար հենց իր ձայնը:
Որևէ մեկի համար Գյումրիում գաղտնիք չէ, որ մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Կարեն Սարուխանյանի միջև կատաղի դիրքային պայքար է ընթանում, սակայն այս պահի դրությամբ իրավիճակի տերը ԱԻՆ փոխնախարարն է. Գյումրու տարածքային խորհրդի մնացած բոլոր անդամները, ըստ մեզ հասած տեղեկությունների, Խորհրդի նախագահի ընտրություններում իրենց ձայնը տվել են Կարեն Սարուխանյանին:
Իրավիճակն իրավամբ կազուսային է, որովհետև տրամաբանական կլիներ, որ ավագանու ընտրություններից առաջ ձևավորված կուսակցական տարածքային մարմինը գլխավորեր այն անձը, ով գլխավորում է ՏԻՄ ընտրություններում իշխանությունների առաջադրած նախընտրական ցուցակը:
Սա նաև նպատակահարմար կլիներ զանազան կազմակերպչական հարցեր լուծելիս, սակայն, ըստ էության ՔՊ-ականները ցուցադրաբար իրենց վերաբերմունքը մարզպետի նկատմամբ այս կերպ են արտահայտել:
Պետք է արձանագրել, որ նախկինում առավելագույնը 100.000 դրամ աշխատավարձ ստացող նախկին ուսուցիչը, ով այժմ փոխնախարարի պաշտոնում մեկ միլիոնից ավելի աշխատավարձ է ստանում, ակնհայտորեն ցույց է տալիս, որ Շիրակի մարզում նախկինի պես հարցեր լուծողն ինքն է:
Բնականաբար, Խորհրդի կազմը համալրված է Կարեն Սարուխանյանի մտերիմներով: Մասնավորապես, այնտեղ են ԱԻՆ փոխնախարարի մտերիմ ընկերներից Կարեն Խաչատրյանը, ում ժամանակին մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքից ազատել է իր գործառույթներին չվերաբերող աշխատանք կատարելու համար, վերը նշված Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանի ևս մեկ մտերմուհի՝ Անժելա Մաթոսյանը, ում բոլոր հարթակներով առաջմղմամբ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, զբաղված է անձամբ ԱԻՆ փոխնախարարը, ևս մեկ ընկեր Սերգեյ Տոնոյանը, ով անգամ գյումրեցի չէ, այլ մարզի Արևիկ համայնքից, ու զարմանալի է, թե մեկը, ով գյումրեցի չէ, ինչպես կարող է դառնալ Գյումրու տարածքային խորհրդի անդամ: Ինչպես արդեն նշեցինք, Խորհրդի անդամներից է նաև Կարեն Սարուխանյանի կուսակցական մերձավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ում քույրը ձգտում է նրան ամեն գնով փոխքաղաքապետ դարձնել ընտրություններից:
Ժամանակին 168.am-ն անդրադարձել է այս երիտասարդին, ով, ի դեպ, ինչպես իր պատգամավոր քույրը, սովորություն ունի տառապել նախկիններին հիշելու մոլուցքով՝ մոռանալով սեփական ընտանիքի անդամներին առնչվող բավականին ուշագրավ դրվագներ:
Փաստորեն, Կարեն Սարուխանյան-Նազելի Բաղդասարյան տանդեմը բացահայտորեն միավորվել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի դեմ, իսկ թե դա ինչ արդյունք կգրանցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում, կիմանանք շուրջ մեկ ամսից:
168.am