Մտորելու խնդիր չկա․ գնացել, եկել եմ Գորիս-Կապան ճանապարհով` նորմալ էր․ Արտակ Դավթյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չմեկնաբանեց Գորիս-Որոտան ճանապարհահատվածի անվտանգության վերաբերյալ լրագրողների հարցերը, փոխարենը նշեց, որ ինքը երթևեկում է այդ ճանապարհով և նորմալ անցել է:
ՀՀ նախագահի նստավայրում Անկախության օրվա առթիվ տեղի ունեցող պարգևատրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԶՈՒ ԳՇ պետը նախ շնորհավորեց բոլորին հայոց պետականության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
«Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը, վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մենք դուրս կգանք այս վիճակից և կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց Արտակ Դավթյանը:
Լրագրողի հարցին` կան արդյոք այդ երազած հայրենիքը ունենալու նախադրյալները, շտաբի պետը դրական պատասխանեց՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարել և առաջ գնալ:
«Մտորելու խնդիր չեմ տեսնում և յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր աշխատանքը բարեխղճորեն կատարի»,- ընդգծեց նա:
Արտակ Դավթյանն անդրադարձավ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Քասախ համայնքի երկու բնակիչների շեղվելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ լրագրողի հարցին` արդյոք հնարավոր էր, որ այդ քաղաքացիները շեղվեին ճանապարհից:
«Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն ընդունեք ի գիտություն: Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:
Հարցին` անձամբ երթևեկո՞ւմ է այդ ճանապարհով, շտաբի պետը պատասխանեց. «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ»:
1in.am