Հաշվարկվել է բիթքոինի մայնինգից առաջացող թափոնների տարեկան ծավալը
Բիթքոինների արտադրության ժամանակ տարեկան տասնյակ հազարավոր տոննա էլեկտրոնային թափոններ են առաջանում: Ինչպես նշել է BBC-ն, դրանք համեմատելի են Նիդերլանդներում դեն նետված էլեկտրոնիկայի տարեկան ծավալի հետ:
Հետազոտողներ Ալեքս դե Ֆրիզը եւ Քրիստիան Ստոլը հաշվարկել են, որ կրիպտոարժույթի մայներներն ամեն տարի արտադրում են մոտ 30.700 տոննա էլեկտրոնային թափոն՝ միջինը 272 գրամ մեկ գործարքի համար:
Բիթքոինների արտադրությունը հանգեցնում է աշխարհի աղտոտմանը՝ այն պատճառով, որ կրիպտոարժույթների արդյունահանման համար օգտագործվող համակարգիչները հնանում են եւ փոխվում: Հետազոտությունների համաձայն՝ մայնինգի համար նախատեսված սարքավորումների կյանքի միջին տեւողությունը կազմում է մեկ տարուց մի փոքր ավելի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մեկ տարվա ընթացքում բիթքոինի համաշխարհային արդյունահանումը յոթ անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է պահանջում, քան սպառում է Google ընկերությունը: Բիթքոինի մայնինգը պահանջում է տարեկան մոտ 91 տերավատ ժամ էլեկտրաէներգիա: Միացյալ Նահանգների տեխնոլոգիական հսկան կլանում է յոթ անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա:
News.am