«Հրապարակ». Կարելի է հայրենիքը վտանգել, այն դիտել որպես մի մեծ արոտավայր, որտեղ որոշ անասուններ ընդամենը խոտ են որոճում, միաժամանակ խոսել հայրենասիրությունից, անկախությունից ու հայի լուսավոր ապագայից
«Համազգային տոների և հիշատակի արարողությունների ժամանակ ես ամբողջությամբ գիտակցում, թե ինչքա՜ն կեղծիք ու փարիսեցիություն կա մեզանում: Թե ինչպես են «հայրենիք», «անկախություն», «հայրենասիրություն», «ժողովրդավարություն», «ազատություն» և մյուս կարևոր հասկացությունները շահարկվում ու մաշվում: Ինչպե՜ս է ամեն սրիկա ձեռքերը տաքացնում խոցված ու վիրավոր մեր հայրենիքի հանդեպ համընդհանուր սիրո կրակի վրա, ինչպես է օգտվում հայ մարդու մոլորություններից: Այս օրերին ես հասկանում, որ իսկապես` «սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»:
Կարելի է հայրենիքը վտանգել, նրա հանդեպ տարրական պարտականությունները չկատարել, հայրենիքը դիտել որպես մի մեծ արոտավայր, որտեղ որոշ անասուններ ընդամենը թարմ խոտ են որոճում: Այն դիտել որպես որբի գլուխ, որի վրա ամեն ղասաբ վարսավիրություն է սովորում, և միաժամանակ խոսել հայրենիքից ու հայրենասիրությունից, անկախությունից և հայի լուսավոր ապագայից:
Ինչքա՜ն կեղծ ու սնամեջ խոսքեր հնչեցին երեկ` անկախության 30-ամյակի առիթով: Հայրենիքն իրենց գոյությամբ ու գործունեությամբ վտանգածները մտախոհ դեմքերով ու շինծու տխրությամբ այցելեցին մեր նահատակների գերեզմաններին: Իրենց սև կոստյումներով ու գերեզմանների մոտ ծնկաչոք լուսանկարներով փորձեցին սգի ու հայրենասիրական տվայտանքների տեսարաններ բեմադրել:
Նույն պահին, մի քանի մետր նրանցից հեռու, զոհվածի ծնողին էին քաշքշելով բերման ենթարկում ու լռեցնում, քաղաքական գործչի ձեռքերն էին ոլորում, լրագրողներին էին հրահանգում` «մտեք ձեր տեղը», մի լուսանկարեք: Իսկ օդում կախված էր մի ահասարսուռ կանխատեսում, որ մեկ-երկու տարի անց այսքան անկախությանն էլ ենք երանի տալու, և ազատ, անկախ Հայաստանի գլխին մի մեծ ու շատ ռեալ վտանգ է կախված»,-գրում է թերթը։
Tert.am