Փաշինյանի հստակ մեսիջը Ալիևին ու Էրդողանին
«Պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»:
Սա էր անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր մեսիջը, այս խոսքերը ասելով անկախ երկրի ղեկավարը չէր դիմում իր քաղաքացիներին, բնավ. նա դիմում էր իր երկրի թշնամիներին: Կասեք` չի կարող պատահել, ո՞ր մի երկրի ղեկավարը նման բան կաներ՝ պատերազմից մի տարի չանցած, մի կերպ կազմակերպած և բողոքի ակցիաների ֆոնին ընթացող միջոցառման ժամանակ:
Պատասխանեմ. մեր երկրի «պողպատե մանդատ» ստացածը սեփական քաղաքացուն դուխ չէր տալիս, հայի հետ չէր երկխոսում, այլ Հանրապետության հրապարակից մեսիջներ էր ուղարկում թշնամուն, թե՝ անհոգ եղեք, մենք ռեվանշի մասին անգամ չենք մտածում, Էրդողան ջան, դու էլ արի քանի էն աշխարհ չես գնացել, հանդիպենք, ինչ պետք ա ձեր Թուրանի համար ստորագրեմ, պրծնեմ:
Ինչպես կարելի է այս կոտրված, ընկճված ժողովրդի հետ նման կերպ վարվել, ինչու այս տղան անգամ 3 տարի անվերապահ սիրո պայմաններում չդարձավ սեփական ազգի հոգատար հայր, մեծահոգի ու մոտիվացնող առաջնորդ, չեմ պատկերացնում: Բայց որ նա մեզ հետ էլ խոսելու բան չունի, որ մենք իր համար էլ ոչ արժեք ենք, ոչ գործոն, ակնհայտ է:
Միակ բանը, որ խենթացնում է այս իրավիճակում, այն է, որ փշուր առ փշուր մեզ կոտրում են, մեզ ընկճում ու նվաստացնում են ոչ թե թշնամիները կամ օտարները, այլ մեր իսկ ընտրյալները: Համաձայնեք, անգամ նոյեմբերի 9-ին մենք այսքան պարտված չէինք, ինչքան պարտված ենք մի տարի անց խաղաղության պայմաններում:
Իսկ «ամենափրկիչը» ուժ ու եռանդ չի խնայում մեր պարտությունը անդառնալի դարձնելու, թղթով վերջնական ամրագրելու ազգակործան գործում:
Hraparak.am