Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը կօգնի Սիրիային
Չինաստանն ուժերի ներածին չափով օգնություն կտրամադրի Սիրիային՝ տնտեսությունը վերակենդանացնելու, բնակչության կյանքը բարելավելու, ինչպես նաեւ կորոնավիրուսային նոր տեսակի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին նախագահական ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ ուղղված շնորհավորական հեռագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիային՝ իր պետական ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, ուժերի ներածին չափ օգնություն կտրամադրի Սիրիային կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` վերակենդանացնելով երկրի տնտեսությունը եւ իր ժողովրդի կյանքը»,- ասվում է երեքշաբթի Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից հրապարակված հեռագրում:
Սի Ցզինպինը նշել է, որ ՉԺՀ-ն նաեւ «կնպաստի չին-սիրիական համագործակցության նոր մակարդակի առաջխաղացմանը»:
Ուղերձում ասվում է, որ «Չինաստանը եւ Սիրիան ավանդաբար բարեկամ պետություններ են, Սիրիան առաջին արաբական երկրներից մեկն էր, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ»: «Ես շատ եմ կարեւորում չին-սիրիական հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ եմ աշխատել նախագահ Ասադի հետ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 65-ամյակը երկկողմ կապերի էլ ավելի զարգացման եւ ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակով օգտագործելու համար»,- ասել է ՉԺՀ նախագահը հեռագրում:
Մայիսի 27-ին Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համմուդա Սաբագը հայտարարեց, որ Ասադը, ով ստացել է ընտրողների 95.1 տոկոսի աջակցությունը, հաղթել է մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում: Նախագահության պաշտոնավարման ժամկետը, ըստ 2012 թվականի Սահմանադրության, յոթ տարի է: Նախորդ ընտրություններն անցկացվել էին 2014-ին, որոնցում Ասադը ստացել էր ընտրողների 88.7 տոկոսի աջակցությունը: