Ադրբեջանական «Հաքքին»-ում Էյնուլլա Ֆաթուլաև անուն-ազգանունով հոդվածագիրը «Եթե ԱՄՆ դեսպանը կանգ չառնի, Ադրբեջանը կլքի ձևաչափը» վերնագրի ներքո անդրադառնում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին։ Նախ՝ ամենասկզբից։

«Իրանին ու Ադրբեջանին միավորում է Հայաստանի նկատմամբ միասնականության զարմանալի ոգի։ Մեր երկրագնդի տարբեր հատվածներում տարիներ ի վեր տևած հակամարտությունից հետո թեոկրատիան ու դեմոկրատիան՝ ժողովրդավարությունը հատման կետ են գտել Հարավային Կովկասում։ Վաշինգտոնն ու Թեհրանը ընդհանուր ջանքերով փորձում են ծնկաչոք վիճակից դուրս բերել Հայաստանը»,-ապա նյարդայնացած Ֆաթուլլաևն անդրադառնում է սեպտեմբերի 21-ի գունագեղությանը՝ «հակառակ տրամաբանությամբ»։ Հոդվածագիրը ապա հայտարարում է, որ թեոկրատիան ու դեմոկրատիան փորձում են Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահել՝ Ադրբեջանի աճող ազդեցությունը զսպելու համար։

Շարունակում ենք կարդալ․ «Հարևան Իրանի եղբայրական աջակցությունից ոգևորված՝ հայաստանյան քաղաքագետները հիացել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նոր հայտարարությունից, որը պատերազմի ավարտից հետո առավել հանդես է գալիս Հայաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի դերում»։

Հիշեցում, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռևս կարգավորված չէ, և որ Վաշինգտոնն այս առումով դեռ շատ անելիքներ ունի։ Ֆաթուլլաևը հայտարարելով, որ Թրեյսին իր «հիմնազուրկ» հայտարարություններով ավելի է ապակայունացնում առանց այն էլ լարված տարածաշրջանը և հայկական քաղաքական էլիտայի մոտ ռևանշիստական ու անջատողական տրամադրություններ է հրահրում, իր հոդվածն ավարտում է հետևյալ պարբերությամբ․ «Եթե ԱՄՆ կառավարությունը չհրաժարվի այդ մոտեցումից, ապա Ադրբեջանն ամբողջապես կհրաժարվի Մինսկի խմբի ձևաչափի հանդիպումներից»։

Հիշեցնենք, որ Էրդողանն էլ Նյու Յորքում էր օրերս ամերիկյան գործարարներին կոչ արել հստակ դիրքորոշում որդեգրել «իրավական ու պատմական իրականությունից հեռու չարակամ քայլերի» դեմ։ Նա հույս էր հայտնել, որ հենց գործարարները ամերիկյան իշխանությունների մոտ հանդես կգան երկու երկրների միջև արգելքների վերացման հարցում։

«Գիտեմ, որ լավ հասկանում եք ինչ-ինչ շրջանակների անհիմն զրպարտչական արշավների վտանգավորությունը, որոնց միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թունավորումն է։ Եվ վստահ եմ, որ հստակ դիրքորոշում կորդեգրեք իրավական ու պատմական իրողություններից հեռու չարակամ քայլերի նկատմամբ»,- հայտարարել է Էրդողանը Նյու Յորքում՝ ԱՄՆ բիզնես շրջանակների հետ հանդիպման ժամանակ։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն