Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրեական գործ հարուցել՝ իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ՀՔԾ պետին և ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։
«2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ին դուրս եմ եկել իմ բնակարանից և ուղևորվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Մուտքից դուրս գալիս պարզեցի, որ մի տղամարդ ինձ հետևում էր, այդ անձին լուսանկարեցի ու անմիջապես գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրեցի նաև այդ անձի լուսանկարները: Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները և ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը ինձ հայտնեց, որ ես իրավունք չունեմ այց կատարել Եռաբլուր, քանի որ այնտեղ ինչ-որ հանրային միջոցառում է և ես պատրաստվում եմ խոչընդոտել այդ միջոցառմանը: Հետևաբար պետք է չգնամ, իսկ իմ պնդմանը, որ ես իրավունք ունեմ անցկացնել խաղաղ բողոք և դիրքորոշում հայտնել նա պատասխանեց, որ ինքը որպես ոստիկանության գնդապետ պահանջում է ինձ հեռանալ, եթե ոչ՝ բերման կենթարկեն, այդ հարց ու պատասխանը իմ կողմից տեսաձայնագրվել է և հրապարակվել ուղիղ եթերով: Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը այնուհետև հրահանգ է տվել ինձ բռնի ուժով առևանգել: Այդ ապօրինի հրամանը կատարվել է թվով չորս ոստիկանների կողմից: Վերջիններս բիրտ ուժի գործադրմամբ ինձ մտցրել են ոստիկանական ավտոմեքենա և ոլորել են ձեռքերս, ավտոմեքենայի մեջ ինձ պատճառել են ուժեղ ցավ, հայհոյել են, ձեռքիցս խլել են հեռախոսս և ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժի։
Ոստիկանական ավտոմեքենայի մեջ հատկապես ձախ թևիս շրջանում ուժգին ցավ զգալու պատճառով ինքնազգացողությունս վատացել էր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում բժշկական միջամտությունից` միջմկանային ցավազրկող ներարկելուց հետո, ցավը միառժամանակ մեղմվել էր և դադարել սրտխառնոցս: Ոստիկանության բաժնում արդեն ինձ պարզ էր, որ ոստիկանները ինձ պատճառել էին մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության բաժնում իմ խնդրանքը` տեղեկացնել հարազատներիս իմ գտնվելու վայրի վերաբերյալ, բավականին ուշ է թույլատրվել: Հարազատներս երկար ժամանակ չեն իմացել իմ գտնվելու վայրի մասին: Ես չեմ կարողացել նաև հրավիրել փաստաբան, այդ իրավունից օգտվելը նույնպես տեղի է ունեցել խախտումով: Փաստաբանս եկել է, ոչ թե իմ խնդրանքի հիման վրա, այլ այն ժամանակ երբ հարազատներս իմացել են, որտեղ եմ գտնվում՝ նրանք են կանչել:
Սույն հաղորդմամբ պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել իմ իրավունքները և ազատությունները սահմանափակող ոստիկաններին:
Մասնավորապես ոստիկանների կողմից իմ հիմնարար իրավքվուննքերին խոչընդոտելուն`
թույլ չտալ ազատ տեղաշարժվել,
թույլ չտալ կանգնել Երռաբլուր տանող ճանապարհի մոտ,
թույլ չտալ արտահայտվել` քաղաքական դիրքորոշում հայտնել գտնվելով այդ վայրում,
անօրինական կարգով զրկվել անձնական ազատությունից և անձնական իր հանդիսացող հեռախոսից,
ենթարկվել խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի, որի պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ,
ժամեր շարունակ ապօրինի գտնվել անազատության մեջ՝ ոստիկանության բաժնում»,-նշված է հաղորդագրությունում։