Եթե խոշորացումից հետո Վարդենիսի 36 գյուղերից մնա 30-ը, կամ արտագաղթը հատի 50 տոկոսի սահմանը՝ ո՞վ է պատասխան տալու․ Սոթքի բնակիչ
Սոթք համայնքի բնակիչ, պատմության ուսուցիչ Հայկ Դավեյանը խորհրդարանական լսումերի ժամանակ հավաքվածներին հիշեցրեց, որ Գեղամասարի 18 գյուղերի բնակիչները սեպտեմբերի 18-ին փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը և երկաթուղին։ Բնակիչները բողոքում էին ադրբեջանական զորքերի տեղակայումից և համայնքի խոշորացումից։ Դավեյանը հայտարարեց, որ դրանք միմյանց հետ կապված էին անտեսվածությամբ։
«Առաջին դեպքում ադրբեջանցիները կրակում են տների վրա, հրդեկում, անասուն գողանում և իշխանություններից ոչ մի պատաճ արձագանք չենք ստանում։ Երկրորդ դեպքում էլ էլի անտեսում են ժողովրդի կարծիքը։ Համայնքի խոշորացումն էլ վերջնականորեն լցրեց ժողովրդի համբերության բաժակը ու փակվեց ճանապարհը»։
Սոթքի բնակիչը նկատեց, որ անգամ մեծ աղմուկից հետո պատկան մարմիններից չեն արձագանքել, բնակիչներին լսելու ու հանդիպելու առաջարկ չեն արել։ Հայտարարեց, որ դա հանգեցնելու է արտագաղթին ու խորհրդարանի ամբիոնից հետաքրքրվեց․
«Եթե Վարդենիսի տարածաշրջանի 36 գյուղերից, խոշորացումից հետո պարզվի մնացել է 30-ը, կամ արտագաղթը տարածաշրջանից հատի 50 տոկոսի սահմանը՝ ո՞վ է պատասխան տալու»։