Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Նախորդ, դրոնների թեման առիթ տվեց անդրադառնալ մի դիտարկման, որ արել էի այս օրերին ինձ համար, ու հիմա մտածեցի բարձրաձայնել:

Մենք լսեցինք «դրոն» անունը ապրիլյան քառօրյայից հետո, բայց քանի որ հետևանքը մի շարք պատճառներով այնքան ծանր չէր, որքան չորս տարի անց, մենք «ականջի հետև» գցեցինք «լսածը»: Մանավանդ, որ հետո լսեցինք Իսկանդերը ու «խլացանք» մնացյալ ամեն ինչի հանդեպ:

Հետո դրոնի «ձայնը» ցավեցնող ուժգնությամբ լսեցինք արդեն 44-օրյա պատերազմում: Հիմա այն դուրս չի գալիս մեր «ականջների» միջից, որովհետև մեր երիտասարդների կորստի ցավն էլ դուրս չի գալիս մեր սրտից: Բայց դրոնի «ձայնը», լինելով մեր ականջներում, էդքան էլ համարժեք ընկալված չէ մեր «գլխում»: Մենք, օրինակ, մտածում ենք, թե ռազմական դրոնների մրցունակ արդյունաբերություն հիմնած երկրների հասնելն ու անցնելը մեկ-երկու քայլի և ընդամենը «չթալանելու» հարց է: Իրականում, ցանկությունն ու «չթալանելը» միայն առաջին քայլերն են, մինչդեռ հաջորդ քայլերը պահանջելու են ավելի շատ լուռ ու տքնաջան աշխատանք, խոշոր գործընկերների ներգրավում, միլիարդներ, քաղաքական շահեր և այլն:

Մինչդեռ, մենք էստեղ շարունակում ենք լսել դրոն կամ ԱԹՍ, ու պարզապես հայտնվում արդեն բարձրտեխնոլոգիական անվանումներով պատրանքների մեջ: Օրինակ, մեր մեդիադաշտում կարող է այնպիսի հնչեղությամբ մատուցվել ԱԹՍ-ների մրցույթը, կարծես մենք ուր որ է հասնում ենք ռազմական անօդաչուների մրցունակ արտադրության շեմ: Մինչդեռ այդ ամենը վկայում է, մեզանում այդ խնդրի դեռևես «մանկապատանեկան» մակարդակի պատկերացման գերիշխող լինելու մասին:

Կրկնեմ, խոսքը ոչ թե անհնարինության, այլ խնդրի սահմանների իրատեսական պատկերացման և ըստ այդմ անելիքների գնահատման մասին է: Եվ այստեղ է, որ անհամարժեքության վկայություն է դառնում, օրինակ, ֆեյսբուքյան մի այլ դրվագ: Ընդ որում, գնահատողական անհամարժեքության դեպքում, երբ նպատակներն. իհարկե. միանգամայն բարի ու անկեղծ են: Խոսքն այն մասին է, որ ֆեյսբուքում շատ կարճ ժամանակում ամբողջացավ անօդաչուների օդանավակայանի հանգանակությունը, մինչդեռ առ այսօր շարունակվում է մեր վիրավոր, հաշմանդամ զինվորների համար վերականգնողական կենտրոն կառուցելու կրկնակի ավելի քիչ փող պահանջող հանգանակությունը:

Որովհետև մի դեպքում կար դրոն կամ ԱԹՍ «մոգական» բառը, իսկ մյուս դեպքում՝ ոչ: Երկուսն էլ կարևոր նպատակ են ,իհարկե, բայց, վերականգնողական կառուցվող մեկ կենտրոնը կարող է լուծել ահռելի խնդիրներ այդ ուղղությամբ, մինչդեռ անօդաչուների, կուզեք, 10 օդանավակայան կառուցենք, դա որևէ էական բան չի փոխելու, եթե մեր խնդիրն է ռազմական բարձր մրցունակությամբ անօդաչուների սերիական արտադրության մակարդակի հասնելը: Այդ խնդրի պարագայում, անօդաչուների օդանավակայանի վրա գերկենտրոնացումը կարող է հիշեցննել մի հայտնի անեկդոտ, երբ մեկը գտնում է կոճակը և ուրախացած բացականչում՝ «ուխխ, մնաց գտնեմ վերարկուն»:

Վերստին, անկասկած ամեն ինչ սկսում է և շարժվում քայլ առ քայլից, բայց չափազանց կարևոր է քայլերի տրամաբանական հաջորդականությունը»:


Mamul.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն