Սա կարմիր գիծ է. Հայոց լեզուն ենթակա չէ վաճառքի ցանկացած ծավալի ֆինանսական ներդրումների դիմաց
Սեպտեմբերի 18-ին կայացած «Armenian Business Forum»-ի ժամանակ հայտնի և խոշոր հայ գործարար և բարերար,Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար և հիմնադիր Սամվել Կարապետյանը իր ելույթում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել։Նա ասել է՝ կցանկանար, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բացի դա՝ նա նշել է,որ Հայաստանում ռուսական դպրոցներին պետք է տրվի պետական կարգավիճակ:
Այս հայտարարության շուրջ մեզ մեկնաբանություններ տվեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
-Պարոն Մեհրաբյան, ինչու՞ է ռուսաստաբնակ հայտնի հայ գործարարը այս հատարարությունը անում, ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում և ինչ հետևանքներ կարող է ունենալ։
-Գաղտնիք չէ, որ նմանատիպ քայլերով ՌԴ ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին Խորհրդային միության կազմում գտնված երկրների վրա,սահմանափակի նրանց ինքնուրույնությունը՝գայթակղելով կամ ստիպելով,ճնշելով։Իսկ Հայաստանը այսօր գտնվում է բավականին խոցելի վիճակում,և Կրեմլը օգտվում է դրանից։ Սամվել Կարապետյանը ուղղակի բարձրաձայնում է ռուսական իշխանությունների ուղիղ ցանկությունները, և դա անում է խայտառակ շուկայական գործարքի միջոցով՝խոշոր ներդրումների խոստումով առաջարկելով լեզուն փոխել։ Սա ուղղակի ծիծաղելի է․ՌԴ Եվրոպայում և այլուր հսկայական ներդրումներ է անում,ուրեմն պետք է նման առաջարկ անի։Իհարկե,ո´չ, և չի էլ անում։ Գազպրոմը միլիարդավոր գումարներ է դնում եվրոպական երկրներում, բայց երբեք նման պահանջ չի դրել։ Նման առաջարկ անողը թերագնահատում է հայ ժողովրդի մտավոր-բարոյական արժանիքները,կարողությունները և ավելի շատ խոսում է նման բան հայտարարողի մասին։ Սա կարմիր գիծ է, այդպիսին եղել է նաև Խորհրդային ժամանակներում։ Նրանց թվում է, որ եթե Արցախին կարողացել է համոզել ցավալիորեն,մեզ էլ կարող է, սակայն Հայաստանը ընդունելու միտում ու շահ չունի։ Ամենավառ երազում անգամ չի տեսնի նման բան։
-Պատմականորեն անհերքելի փաստ է, որ Հայոց լեզուն մեր ազգի գոյության, ինքնության պահպանման հիմնական կռվանն է՝ հանճարի ձևակերպմամբ՝ «ինքնուրույնության դրոշմը, հոգեկան կարողությունների ճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը», և այն պաշտպանվում է «Հայոց լեզվի» մասին օրենքով։ Հայտնի է, որ լեզուների անկենդանությունից այսօր էլ աշխարհում էթնոսներ են ոչնչանում։
Ոչ ոք չի կարող անգամ երազել Լեզվի մասին օրենքի փոփոխություն։ Եթե տեսում են, թող մի ասեղով իրենց ոտքը ծակեն։ Հայաստանում կա և կարող է լինել միայն մեկ պետական լեզու։ Լուրջ հետևանքներ պետք չի սպասել։ Հայաստանի կողմից բարեհամբույր, քաղաքակիրթ, բայց վճռական ձևով, բնականաբար, կմերժվի առաջարկը և կհասկացվի, որ այն իրավասու չէ նման փոփոխություն առաջարկել։ Հայոց լեզուն անգին է, ենթակա չէ գումարի դիմաց որևէ սակարկման առարկա դառնալ։ Եթե հանկարծ ճնշումները շարունակվեն, կարծում եմ՝ հայկական կողմից ևս պատասխանը կտրուկ, վճռական կլինի, որովհետև դա, կրկնում եմ, կարմիրր գիծ է։
1in.am