Առողջապահության նախարարի հրամանը պատրաստվում են վիճարկել դատարանում
Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկում էր կազմակերպվել կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ իր հաշվին ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս պատվաստումներ իրականացնել նաեւ պարտադիր՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունից ելնելով: Ըստ նախարարի, ՀՀ-ում ընդունված քաղաքականությունը համահունչ է աշխարհում կիրառվող քաղաքականությանը, որոշ առումով նույնիսկ մեղմ է. «ԵԽ-ի հետ քննարկում ենք ունեցել, արձանագրվել է, որ ՀՀ-ն օրինականության սկզբունքը պահպանել է, բոլոր սահմանափակումները եղել են օրինաչափ, ու մեր երկրում մշակված օրենսդրական փաթեթները պատրաստ ենք կիսել այլ երկրների հետ՝ որպես մոդելային օրինակ»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը թե՛ ՊՇՌ սերտիֆիկատը, թե՛ պատվաստումը փաստող հետազոտությունը ներկայացնելը համարում է բժշկական միջամտություն, ընդ որում այս 2 տարբերակից էլ քաղաքացին հրաժարվելու իրավունք ունի․ «Բայց, փաստորեն, եթե ինքը հրաժարվում է թե՛ մեկից, թե՛ մյուսից, հայտնվելու է շատ վատ պայմաններում, քանի որ իրեն չեն թույլատրելու աշխատել։ Այս մասով էլ կա լուրջ խնդիր, առավել եւս՝ խտրական մոտեցում, քանի որ պատվաստված մարդը նույնպես վարակակիր է, կարող է վարակվել եւ վարակը փոխանցել»։
Արդյոք իրավասո՞ւ է գործատուն՝ աշխատանքից ազատել մարդուն, եթե նա չի ներկայացրել ՊՇՌ սերտիֆիկատ եւ չի էլ պատվաստվել։ «Ես՝ ինքս էլ գործատու եմ, այդ դաշտն ուսումնասիրել եմ, եւ, պատկերացրեք, մեր Փաստաբանների պալատի աշխատակիցներն առանց ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի գան աշխատանքի, ի՞նչ պետք է ես անեմ։ Ես բացում եմ Աշխատանքային օրենսգիրքը, որի 108-րդ հոդվածն ասում է, որ աշխատանքի ներկայանալ չի թույլատրվում ալկոհոլ, թմրանյութ օգտագործած մարդկանց, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Բայց պետք է օրենքով այդ դեպքերը նախատեսված լինեն, մինչդեռ ես որեւէ օրենքով չեմ հանդիպել մի դեպք, որտեղ գրված լինի, որ եթե անձն առողջապահության նախարարի հրամանը չի կատարում, ուրեմն իրեն պետք է չթույլատրես աշխատանքի։ Չկա այդպիսի դեպք»,- նշեց Զոհրաբյանն ու հավելեց, որ գործատուին կարող են ոչ թե աշխատանքի չթույլատրելու համար տուգանել, այլ սանիտարական կանոնների չպահպանման՝ մասնավորապես գրանցամատյանում գրառում չկատարելու համար։
Ինչպես նշում է Արա Զոհրաբյանը, իրենց՝ «Ազատ կամք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են բժիշկներ, փաստաբաններ, այժմ իրավաբանների ու փաստաբանների խմբեր է ձեւավորում, որ եթե հանկարծ գործատուներն աշխատողներին աշխատանքի չթույլատրեն եւ փորձեն աշխատողների նկատմամբ վարչական տույժեր կիրառել, իրենք անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերեն բոլոր այդ մարդկանց։
«Ենթադրենք, ես գործատուն եմ եւ թույլ չեմ տալիս աշխատողին անցնել աշխատանքի՝ առանց ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի։ Ինքը գնում է տուն ու ինձնից պահանջում է իր աշխատավարձը, ասում է՝ քո պատճառով ես չեմ մասնակցել աշխատանքային գործընթացին, ուրեմն իմ հարկադիր պարապուրդը դու պետք է վճարես։ Ես նրան չեմ էլ կարող աշխատանքից հեռացնել, որովհետեւ նա հանգիստ կարող է դա վիճարկել դատարանում, վերականգնվել ու այդ ժամանակահատվածի աշխատավարձն էլ ուզել ինձնից։ Այսինքն՝ այստեղ գործատուները լուրջ խնդիր ունեն, աշխատողը հանգիստ կարող է առանց ՊՇՌ թեստի ներկայանալ։ Ընդ որում՝ հիմա «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն են նախատեսում, այդ նախագիծն արդեն շրջանառում են, որպեսզի դրանով, օրինակ, հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու օրինական հիմք ունենան։ Աշխատանքային օրենսգրքով նշված՝ «օրենքով նախատեսված այլ դեպքերը» հիմա ուզում են ստեղծել հանրային ծառայողների համար, մասնավորների համար դեռ այդպիսի նախագիծ չկա, բայց նույնիսկ այդ դեպքում, մեր կարծիքով, այդ օրենքի նախագիծը Սահմանադրության հետ խնդիրներ ունի, որովհետեւ խտրական վերաբերմունք է պարունակում եւ համաչափության սկզբունքին է հակասում»։
Զոհրաբյանը նաեւ նշեց, որ նախապատրաստում են հայց, որը ներկայացնելու են վարչական դատարան։ «Առողջապահության նախարարի այս հրամանը վիճարկելու ենք, նաեւ հանրային իրազեկում պետք է իրականացնենք մասնագիտական տարբեր խմբերի միջոցով, եւ 3-րդ՝ մասնավոր իրավունքների պաշտպանություն․ եթե գործատուի նկատմամբ տուգանք կիրառվի, գործատուին ենք պաշտպանելու, եթե աշխատողի նկատմամբ տուգանք կիրառվի, աշխատողին ենք պաշտպանելու։ Եթե գործատուն աշխատողին նեղացնի այս հակասահմանադրական իրավական ակտի «շնորհիվ», ապա աշխատողին ենք պաշտպանելու այդ գործատուից։ Պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը»,- ասաց նա ու ընդգծեց, որ նախարարն անպատասխան է թողել բժիշկների կողմից արված բազմաթիվ հարցադրումներ, որոնք կարեւոր էին եւ էական։
Hraparak.am