Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածը հատած իրանական և թուրքական պետհամարանիշներով բեռնատարները ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից ստուգելու խնդրին։

Այս ճանապարհահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրանական բեռնատարները ստուգելու և իրանցի վարորդներից տուրքեր կորզելու միջադեպերից հետո NEWS.am–ը փորձել էր պարզել, թե մինչ օրս ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱԱԾ–ն ադրբեջանցիների կողմից այդ հատվածում իրանցի վարորդներին մաքսանենգ ճանապարհով բեռներ փոխանցելու հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով։ Մասնավորապես՝ հնարավոր է, որ ադրբեջանացի զինվորականները իրանցի վարորդների միջոցով Երևան տեղափոխեն թմրանյութեր կամ արգելված ապրանքներ՝ հաշվի առնելով այն, որ իրանական բեռնատարները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք մտնելուց հետո կրկին չեն ստուգվում։ Տեղին է հիշեցնել, որ նախկինում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ Իրանի տարածքից պարսատիկով կամ այլ միջոցով Հայաստանի տարածք են փոխադրվել թմրանյութեր, և ի՞նչն է հիմա խանգարում այդ թմրանյութերի տեղափոխում իրականացվի Որոտանում շատ պարզ՝ առձեռն եղանակով։

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել են, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱԱԾ–ն իրականացնում է «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված համապատասխան գործառույթներ»։

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն չի հստակեցրել, թե անվտանգության մարմիններն օպերատիվ-հետախուզական ի՞նչ միջոցառումներ են իրականացնում այդ տարածքում. փաստացի իրանական բեռնատարները կրկին չեն ստուգվում։ Հույս ունենք, մեր երկրի անվտանգության գլխավոր մարմինը գնահատել է իրանական կամ թուրքական (ոչ միայն) բեռնատարների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածք մուտք գործելու ռիսկերը՝ ապօրինի կերպով զենքի, ռազմամթերքի տեղափոխումից մինչև մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի փոխանցում։

ԱԱԾ–ն, որը լիազորված է ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պետք է ապահովի ոչ միայն այդ տարածքով  ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդների և ուղևորների անվտանգությունն, այլև միջոցներ ձեռնարկի Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհով անցնող և ադրբեջանական զինված ուժերի ծառայողների հետ առնչվող օտարազգի վարորդների բեռները ստուգելու, Հայաստանի անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը կանխելու համար։


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն