Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ», «Ազատության» հարցմանն ի պատասխան նշում է Հայաստանի կառավարությունը:

Լրատվամիջոցը մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչի հիման վրա է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել, թե հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում, և թե արդյոք Հայաստանն արդեն իսկ հայտնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս հինգ տարով, կա՞ նման պայմանավորվածություն։

Կառավարության տված պատասխանում նաև նշվում է․«Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության 2021-202 6թթ. ծրագրում»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ այժմ քննարկում է, թե հինգ տարի հետո ինչ է լինելու։ Ըստ Գրիգորյանի՝ Բաքուն պահանջում է, որ խաղաղապահ առաքելությունը դառնա բազմազգ և բացի Ռուսաստանից  լինի նաև Պակիստանն ու Թուրքիան․«Այն քննարկումները, որի մասին դուք հիշատակեցիք՝ պատասխան են Ադրբեջանի հետ տարվող քննարկումներին։ Ես մեր կառավարությանը կառաջարկեի այդ քննարկումների ժամանակ Ռուսաստանին առաջարկել, որ լինեն բազմազգ խաղաղապահ ուժեր՝ օրինակ Եվրոպայից, ԱՄՆ-ից։ Դա կոնստրուկտիվ կլինի։ Առաջինը՝ մենք դրանով ցույց կտանք, որ դեմ չենք, որ ռուսները մնան։ Բայց գլխավորն այն է, որ Ադրբեջանի բազմազգ գաղափարին  մենք նորմալ կազմ կառաջարկենք։ Քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, մենք ասում ենք՝ շատ լավ, խաղաղապահների երկարաձգումն իր մեջ պետք է պարունակի Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ խաղաղապահ ուժեր։ Ադրբեջանը շատ կոշտ ձևով այդ հարցը դնում է ու իմ տվյալներով այժմ նման բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի  խոսքերով՝ Ադրբեջանն ասում է, որ իրենք հինգ տարվա մանդատը կստորագրեն, բայց մի պայմանով, որ երկաձգումից հետո  խաղաղապահ առաքելություն իրականացնեն բացի Ռուսաստանից նաև Թուրքիան ու Պակիստանը․ «Մենք պետք է ավելի կոնստրուկտիվ բան առաջարկենք։Եթե միայն Ռուսաստանին առաջարկենք, միջազգային հանրության կողմից դա ճիշտ չի դիտարկվի։ Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանի վրա ճնշում լինի, որ դա Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների համապատասխան լինի։ Մենք էլ պետք է բազմազգի մասին խոսենք՝ առաջարկելով ԱՄՆ-ին ու Եվրոպային»:

Արդյոք Ռուսաստանը կհամաձայնի այդ ընդլայնմանը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Չեմ կարող ասել, բայց շատ բան կախված է Հայաստանից ու Ադրբեջանից։ Կա մի վտանգ՝ Բաքուն կոշտ կերպով առաջ է  քաշում այն երկրներին, որոնք  մեզ համար  լուրջ վտանգ են ներկայացնում։ Մենք չենք կարող միայն ասել, թող Ռուսաստանը մնա, ավելի լավ բան պետք է առաջարկենք։Եթե Ռուսաստանը համաձայնվի Բաքվի առաջարկի հետ, կնշեն նաև, որ մենք համաձայնվենք, իսկ մենք դրան համաձայնություն տալ չենք կարող»,-եզրափակեց նա։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն