Ռուս գործընկերների եւ Ադրբեջանի հետ քննարկումներում բարձրացնում ենք Գորիս–Կապան ճանապարհի իրավիճակը. ԱԽ քարտուղար
Ե՛վ մեր ռուս գործընկերների, եւ՛ Ադրբեջանի հետ քննարկումներում Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցը բարձրացնում ենք եւ ակնկալում ենք, որ հնարավորինս արագ լուծվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բնականաբար, ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք նաեւ Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակը։ Ե՛վ մենք, եւ՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Այսինքն՝ եւ՛ մեր ռուս գործընկերների, եւ՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք եւ ակնկալում ենք, որ հնարավորինս արագ լուծվի»,– ասաց Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը ուղիղ չպատասխանեց հարցին, թե այդ ճանապարհն անվտանգ է երթեւեկության համար. «Ըստ նոյեմբերի 9–ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների, հայկական կողմը այդ ճանապարհը պետք է կարողանա անվտանգ օգտագործել, իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան եւ մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի այլեւս որեււէ խնդիր չառաջանա եւ հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք շահագործել»։News.am