ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ  հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։

2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել է դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։

Հավելենք, որ որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես այն նպատակաուղղված է մանկավարժների ինքնակրթմանն ու զարգացմանը, մասնագիտական առաջընթացին, արդի կրթական մարտահրավերներին դիմակայելու  հաջող փորձառությամբ կիսվելուն, ինչպես նաև նպաստում է մրցույթի միջոցով մանկավարժների միջև առողջ մրցակցության ձևավորմանը և համապատասխան աշխատանքի համար գնահատանքի արժանանալուն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված  մեխանիզմ՝  բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս  բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն