Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որ եղել է կողմերից երկուսի միջև. Խամոյան
Ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, և դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լռել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Շարունակելու եմ այդ հարցը պնդել, թե ինչ հարցազրույց է Նիկոլ Փաշինյանը տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եթեր պետք է հեռարձակվել սեպտեմբերի 25-ին, բայց այդպես էլ եթեր չհեռարձակվեց: Հիշեցնեմ, որ այդ հարցազրույցի բովանդակությունն էր՝ պայթեցնել իրավիճակն Ադրբեջանում: Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որ եղել է 3 կողմերից երկուսի միջև»,-ասաց պատգամավորը:
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, որ պատերազմի 3-րդ օրը զեկույց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ մենք կռվելու ռեսուրսներ չունենք: Այսինքն հոկտեմբերի 7-ին մեր ռեսուրսներն արդեն սպառված են եղել:
«Հոկտեմբերի 7-ին մենք կորցրած չենք եղել Հադրութը, Շուշին և ենթադրելի է, որ պատերազմը կանգնեցնելու պայմանները շատ ավելի բարենպաստ են եղել, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին»,-նշեց Ագնեսա Խամոյանը: