Հիմնականը Մեղրիով ճանապարհի կամ միջանցքի տրամադրման խնդիրն է, եւ հարց է, թե ինչ պետք է դա իրենցի ներկայացնի՝ ավտոմեքենաների՞ համար նախատեսված ճանապարհի մասին է խոսքը, երկաթգի՞ծ է, նավթամու՞ղ, գազամու՞ղ թե այլ տարբերակ, իսկ երկրորդ կարևոր հարցն այն է, թե ով կամ ովքեր պետք է վերահսկեն այդ ճանապարհները: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին:

Դանիելյանի համոզմամբ՝ այս խնդիրների շուրջ հիմնական քննարկումն ընթանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ առանցքային խնդիրներն այդ տիրույթում նշված հարցերն են: Ռուսաստանի նպատակը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ ինքը հենց վերահսկի այդ ճանապարհը:

«Բացի այդ, եթե նոր կոմունիկացիաներ են ստեղծվելու, դա աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ է ենթադրելու. պատկերացրեք՝ Միջին Ասիայից գազը, այդ թվում՝ թուրքմենականը, Թուրքիայի տարածքով արտահանվի, իսկ դա կնշանակի, որ Իրանն ու Ռուսաստանը մեծ կորուստներ կարող են կրել՝ շուկա են այդ դեպքում կորցնում: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա առավելագույնն է, որ Բաքուն ձգտում է ստանալ: Ալիեւն ասում է՝ ԼՂ հիմնախնդիրն այլեւս չկա, եւ որ այդ տերմինը պետք չէ օգտագործել, բայց հարցը փակ չէ, եւ ռուսաստանի զորամիավորումները փաստացի Ադրբեջանի ֆորմալ տարածքում են հիմա տեղակայված, որովհետեւ կա նման հարց, եթե չլինի, ապա ռուսները պետք է հեռանան այդտեղից: Նույնը նաեւ Էրդողանն է ասում՝ քրդական հարց իբր գոյություն չունի, բայց քրդերի թիվը շատանում է, եւ խնդիրն ավելի է լրջանում, դրանով էլ պայմանավորված են Սիրիայի ուղղությամբ քայլերը՝ խնդիրը որոշակիորեն չեզոքացնելու համար: Ալիեւի ասածը չեմ կարծում, որ նախապայման է այս իմաստով»,- նկատեց Դանիելյանը:

Ալիեւը ասել է, որ դեռ հոկտեմբերի 7-ին պատերազմի դադարեցման հնարավորություն է եղել: Ինչու՞ է Ադրբեջանի նախագահը հիմա հիշում եւ բարձրաձայնում սրա մասին, եւ արդյո՞ք հավանական է, որ այդ փուլում իրոք եղած լինի նման հնարավորություն: Քաղաքագետի կարծիքով՝ սա Ալիեւի կողմից ճնշման միջոց է:

«Եթե ասում է դա, ապա այլ ասելիք եւս կարող է լինել: Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ ոչ այնքան ինչ են ասում, այլ ինչի համար են ասում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները, բնականաբար, այդ մանրամասներին տիրապետում են: Կարծում եմ՝ հայտարարությունը նաեւ Ադրբեջանի ներքին լսարանին է ուղղված, որովհետեւ ադրբեջանական դիսկուրսում ակտիվ է այն հարցը, թե ինչու իրենք մինչեւ վերջ չգնացին պատերազմի ժամանակ եւ ամեն ինչ ավարտին չհասցրին, եւ ինչու թույլ տրվեց, որ ռուսական զորքեր հայտնվեն իրենց տարածքում: Այս հարցն անընդհատ սրվում է եւ հետագայում էլ ավելի կարող է սրվել: Կարծում եմ՝ Ալիեւը այս հայտարարությամբ փորձում էր ասել, որ համաձայնություններ են եղել, որոնցից նաեւ Թուրքիան է տեղյակ եղել եւ համաձայն եղել այդ լուծմանը, որպեսզի իր վրայից այդ մեղադրանքները որոշակիորեն հաներ»,- եզրակացրեց Դանիելյանը:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն