ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ryanair-ի` Աթենքից Վիլնյուս թռնող ինքնաթիռը մայիսի 23-ին շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրության պատճառով, օդանավակայան սակրավորներ էին ժամանել: Ականապատման մասին տեղեկությունը չի հաստատվել, Բելառուսի Քննչական կոմիտեն հայտարարել է ականապատման մասին կեղծ հաղորդման փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

Բելառուսում իրավապաշտպանները հայտնել էին, որ Բելառուսում ծայրահեղ ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր եւ ծայրահեղական ճանաչված «Գլխուղեղի Բելառուս» Telegram ալիքի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը թռնում է այդ ինքնաթիռով, նրան բերման էին ենթարկել Մինսկի օդանավակայան: Պրոտասեւիչը հանրապետությունում ընդգրկվել է ահաբեկչության մեջ ներգրավվածների ցուցակում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածով, այդ թվում՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հոդվածով: Նա կարող է մինչեւ 15 տարի ազատազրկման դատապարտվել:

«Սա բելառուսական իշխանությունների կողմից ընդդիմության բոլոր ձայները լռեցնելու եւս մի աղաղակող փորձ է»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրողին: Նրա խոսքով՝ Բելառուսի իշխանությունները վտանգել են Ryanair ինքնաթիռների ուղեւորների ու անձնակազմի անվտանգությունը: «Անհրաժեշտ է այս միջադեպի միջազգային հետաքննություն անցկացնել` միջազգային ավիացիայի կանոնների խախտումը հաստատելու համար»,- ասել է Բորելը:

«Այս իրավիճակը կքննարկվի Եվրոպայի խորհրդի առաջիկա նիստին: ԵՄ-ն կքննարկի միջադեպի հետեւանքները, այդ թվում` քայլեր կձեռնարկի պատասխանատուների դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Նյութի սկզբնաղբյուր՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն