«Ֆեյքնյուզ» տարածողները մեզ բացատրում են՝ ինչպես պայքարել «ֆեյքնյուզի» դեմ
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրության շրջանում հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումով, Աղվերանում USAID եւ IRI միջազգային կազմակերպությունների աջակցությամբ լրագրողների հետ սեմինար-քննարկում էր կազմակերպել։ Թեման բավականին հնչեղ էր՝ «Պետության ռազմավարական հաղորդակցության ոլորտում ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները»։ Այսինքն, 3 տարի ու հատկապես 44 օր հետեւողականորեն ֆեյքնյուզ, սուտ եւ ապատեղեկատվություն տարածած կառավարության ՊՈԱԿ-ը եկել էր լրագրողներին բացատրելու, որ չի կարելի ապատեղեկատվություն տարածել։
Քննարկման հիմնական բանախոսները ՊՆ-ի եւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի լրատվության եւ տեղեկատվության վարչության ղեկավարներն էին՝ Գեւորգ Ալթունյանն ու Սամվել Ասատրյանը։ Ներկա էին նաեւ ԱԳՆ-ից ներկայացուցիչներ։ Ուշագրավ է, որ Ալթունյանը, ի տարբերություն պատերազմի ընթացքում ամենօրյա ռեժիմով դավադրաբար ստած Արծրուն Հովհաննիսյանի, բավականին անկեղծ էր խոսում ապատեղեկատվության մասով առաջացած խնդիրների մասին՝ ընդունելով նաեւ պետական գերատեսչությունների մեղքը, այդ թվում՝ իր, իրենց թույլ տված սխալները։
Ընդհանուր առմամբ՝ փորձում էին տպավորություն ձեւավորել, թե կողմ են բաց ու թափանցիկ աշխատանքին, եւ շատ են ցանկանում, որ պետական ապարատն ու լրատվամիջոցները բարիկադների հակառակ կողմերում չհայտնվեն։ Նաեւ նեղսրտում էին, որ պաշտոնական տեղեկատվության հանդեպ հասարակության կողմից կա անվստահություն, եւ իրենք հիմա ձգտում են այդ անվստահությունը կոտրել։ Մենք, իհարկե, բացատրեցինք, թե որտեղից է գալիս այդ անվստահությունը, եւ ով է դրա հիմնական մեղավորն ու պատասխանատուն։
Հիշեցրինք, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո եւ առաջ կառավարությունը տարբեր պաշտոնյաների ու խոսնակների միջոցով, ընդհուպ՝ երկրի առաջին դեմքի մակարդակով, կա՛մ հերքել է լրատվամիջոցների հրապարակած ակնհայտ ստույգ տեղեկությունները, կա՛մ իր իրարամերժ հայտարարություններով բառացիորեն ստել ու մոլորեցրել է հանրությանը։ Կառավարության ձեւավորած «կառուցողական» մթնոլորտը, սակայն, փչացրեց Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը։ Նա հերիք չէ՝ գրեթե չի պատասխանում լրագրողների զանգերին, մի բան էլ իր կարճ ելույթում հայտարարեց, թե «լրագրողները պետք է բավարարվեն այն տեղեկատվությամբ, որը տրամադրվում է, կամ որն իրենք հարմար են գտնում տրամադրել»։ Այսինքն՝ լրատվամիջոցները պետք է դառնան ԳՇ-ի ու ՊՆ-ի պաշտոնական ռելիզները տարածող մարմին, այլ բանուգործ չպետք է ունենան։
Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը, մինչդեռ, փորձում էր բաց ու թափանցիկ համագործակցության ջանքեր գործադրել կամ գոնե այդպիսի տպավորություն թողնել, որ իրենք բաց են համագործակցության համար։ Մենք փորձեցինք ընդմիջմանը հարցազրույց անել Սամվել Ասատրյանի հետ՝ նրան հիշեցնելով, որ իր հետ երբեւէ չի հաջողվել կապ հաստատել, հիմա լավ առիթ է նաեւ իրենց աշխատաոճի մասին խոսելու։ Բայց Ասատրյանը համառորեն մերժեց հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, թե «հիմա» զբաղված է, ժամանակ չունի, գնալու է, թող մնա՝ հետո եւ այլն։ Իհարկե, բացատրեցինք, որ իր վարքն ու վերաբերմունքը մամուլի հանդեպ բացարձակ չեն բխում այն թեզերից, որ քննարկման ժամանակ ներկայացնում էին իրենք, բայց Ասատրյանը մնաց անսասան՝ չի խոսում եւ վերջ։ Ու այս ոճով էլ ուզում են բաց եւ թափանցիկ աշխատանք կազմակերպել լրատվամիջոցների հետ, պայքարել ապատեղեկատվության դեմ։
Hraparak.am