Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Այս պահին արդեն վեց դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Այս մասին խորհրդարանում իրավաբանների հետ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողական փորձում ենք օգտվել։ Վերջին երկու դիմումի հետ կապված կարելի է ասել, որ հենց մասնագիտական հանրույթն էր չափազանց ակտիվ։ Մեկը ԲԴԽ-ում խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնավարման տարիքային ցենզի խնդիրն էր, այլ կերպ ասած՝ Գագիկ Ջհանգիրյանը կարող էր լինել ԲԴԽ անդամ՝ լինելով 65 տարեկանից ավելի բարձր։ Երկրորդը՝ վերաբերում էր կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հայտնի հրամանի իրացմանը, որով ստացվում է` մեր քաղաքացիների վրա հավելյալ ծախսային հերթական բեռն է դրվում»,-ասաց նա։
Արամ Վարդանյանն ընդգծեց, որ բացի իրենց դիմումներից` ակնհայտ է նաև, որ կան շատ այլ հարցեր ևս, որոնցով կարող են կրկին հետևողական լինել և հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ կամրջի դերով։
Քննարկման մասնակից իրավաբանները և իրավապաշտպանները իրենց հերթին առանձնացնում էին խնդիրներ, որոնց, իրենց դիտարկմամբ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ ոստիկանների կողմից օրինական պահանջի ներկայացման ոչ որոշակիության հետ կապված հարցերից մինչև մարդկանց գաղտնալսելու հետ կապված, ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ հարցեր։
Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ծանր վիրավորանքի հետ կապված օրենսդրական կարգավորումներին, ասաց, որ սրա հետ կապված կա թե՛ բարոյական և թե՛ իրավական խնդիր։
«Իրավական տեսանկյունից դժվար է բանավիճելը, որ մենք այստեղ ունենք հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ։ Առաջարկում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ ներկայացվելիք դիմումում ներառեն նաև այն փաստաթղթերը, որոնք ընդունված են եղել Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության ժամանակ, երբ դա եղել է պարտավորություն։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այն ժամանակ նույնպես քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար։ Սրանք փաստարկներ են, որոնք այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլև բարոյական կողմն են կասկածի տակ դնում, որովհետև մի բան, որի դեմ դու պայքարել ես, այժմ բերում, դարձնում ես դագանակ», - ասաց նա։
Tert.am