Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացած արդարադատության պատճառով. Չարչյանի փաստաբանը համեմատեց դեպքերը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը ներկայացնելիս նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց շրջանակներում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց՝ գրավով փոխարինելու համար։
Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց այն առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս ընթացքում։ Նա նշեց, որ Չարչյանն ունեցել է սրտի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ.
«Խնդրում ենք, որ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով հենց ստեղծված իրավիճակի պայմաններում։ Արմեն Չարչյանն ունի պատգամավորի կարգավիճակ, նա անձեռնմխելի է, որի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, սակայն նա շարունակում է գտնվել անազատության մեջ։ Նման պայմաններում Չարչանը չի կարող գտնվել անազատության մեջ»։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իսկապես Չարչյանի առողջական վիճակը վատ է. «Ես կցանկանայի, որ դատախազը մինչեւ սույն դատական նիստին ներկայանալը, դիրքորոշում հայտնելը, այցելեր պարոն Չարչյանին եւ տեսներ նրա առողջական վիճակը։ Նա համապատասխան սարքերով է շնչում»։
Փաստաբանը վկայակոչեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, կալանքի տակ գտնվելն ու դրա հետեւանքը. «Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունն ամեն ինչ արեց, անհամատեղելիությունը հաստատվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով՝ անհամատեղելիության հարցի շրջանակներում։ Չենք կարող հերքել այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացված արդարադատության պատճառով....հարգելի դատարան, ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն»։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Hraparak.am