Հետազոտողները գաղտնազերծել են Հին աշխարհի առեղծվածային ժողովուրդներից մեկի ծագումը
Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, որ էտրուսկները՝ Իտալիայի հյուսիս-արեւմուտքի հնագույն բնակիչները, ձեւավորվել են ոչ թե Մերձավոր Արեւելքից միգրացիայի արդյունքում, այլ ծագում են տափաստանաբնակներից, որոնք տարածաշրջան էին եկել բրոնզե դարում, ասվում է Science Advances-ի հոդվածում։
Էտրուսկները, որոնք ապրել են ժամանակակից Տոսկանայի տարածքում, հսկայական ազդեցություն են ունեցել հարեւան հռոմեական քաղաքակրթության զարգացման վրա։ Համաձայն վարկածներից մեկի, որի կողմնակից էր, մասնավորապես, Հերոդոտը, էտրուսկները ձեւավորվել են Արեւելյան Միջերկրածովից կատարված միգրացիոն ալիքների արդյունքում, որոնցից մեկը, մասնավորապես, Անատոլիայից էր։ Մյուս վարկածի համաձայն, որն առաջին անգամ նշել է Դիոգենես Հալիկառնասցին, էտրուսկներն առաջ են եկել ավելի վաղ գոյություն ունեցող Վիլանովայի մշակույթից։
Մաքս Պլանկի Հասարակության Մարդու պատմության ուսումնասիրման ինստիտուտի, Հարվարդի, Կոպենհագենի, Սիենի եւ Ֆլորենցիայի համալսարանների մասնագետներն ուսումնասիրել են 82 մարդու գենոմ, որոնք գտնվել են Կենտրոնական եւ Հարավային Իտալիայի 12 հնագիտական հուշարձաններում, որոնք ապրել են մ.թ.ա. 800 թվականից մինչեւ 1000 թվականը։ Նրանց չի հաջողվել հայտնաբերել Անատոլիայից միգրացիայի հետքեր։ Պարզվել է, որ էտրուսկների գենոմը հիմնականում նման է եղել Հռոմը հիմնած լատինների գենետիկ պրոֆիլին. նրանց նախնիների մեծ մասը եկել է Սեւ ծովի եւ Կասպից ծովի մերձակայքից բրոնզե դարում։
Էտրուսկների հետ կապված գենոֆոնդը կայուն է մնացել անգամ Հռոմի կողմից էտրուսկյան քաղաքների նվաճումից հետո՝ ընդհուպ մինչեւ կայսրության հիմնումը, երբ վերջինը գեների մեծ ներհոսք ունեցավ Արեւելյան Միջերկրածովի բնակչությունից։ Այն փաստը, որ 1000 թվականից Տոսկանայի, Լացիոյի եւ Բազիլիկատայի բնակչությունը հիմնականում մնում էր անփոփոխ, հետազոտողների կարծիքով, վկայում է այն մասին, որ Կենտրոնական եւ Հարավային Իտալիայի բնակչության գենոֆոնդը ձեւավորվել է համենայնդեպս հազար տարի առաջ։
News.am