Հայաստանի իշխանությունները պետք է շատ աշխատեն, որ կարողանան համոզել Սփյուռքի երիտասարդությանը վերադառնալ հայրենիք
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ գործարար Վալերի–Աշխեն Գործունյանը
-Տիկին Գործունյան, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կոչով դիմել է Սփյուռքին՝ ասելով՝ «Անկախ Հայաստանը սպասում է ձեզ, եկեք հայրենիք, տեղում փոխեք, կերտեք ձեր երազած Հայաստանը, հայրենադարձվեք և այդպես հզորացրեք մեր պետությունը»: Ինչպե՞ս եք գնահատում նման կոչերը, որքանո՞վ ֆրանսահայ համայնքի կողմից կա Հայաստան վերադառնալու ցանկություն:
-Ես չեմ կարծում, որ կոչերով կարելի է մարդկանց բերել Հայաստան: Ցավոք, ես իմ շրջապատում չեմ լսել, որ կա մարդ, որ մտադիր է վերադառնալ Հայաստան: Անշուշտ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք Հայաստանը հզորացնել, բնակչությունը շատացնել, քանի որ Հայաստանում դեմոգրաֆիան մեծ խնդիր է: Ինձ թվում է՝ ավելի շատ Կանադայից ու ԱՄՆ-ին հայեր կարող են վերադառնալ հայրենիք, քան Ֆրանսիայից: Ֆրանսիայի հայ համայնքը շատ փլված է այն աստիճանի, որ անգամ շատ-շատերը հայերենին չեն տիրապետում, և այդ պայմաններում հարց է ծագում, թե ինչպես այդ մարդիկ կարող են գնալ Հայաստան: Ես, իհարկե, շատ կուզեմ, որ հանձնակատարի կոչին շատ արձագանքողներ լինեն, քանի որ եթե ամբողջ հայությունը վերադառնա Հայաստան, Հայաստանում շատ բան կփոխվի: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ աշխատեն, որ կարողանան համոզել Սփյուռքի երիտասարդությանը՝ վերադառնալ Հայաստան և աշխատել ու ապրել այնտեղ: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ Ֆրանսիայից մեծ թվով հայեր վերադառնան:
-Ֆրանսահայ գործարարներ կան, որ ասում են՝ Հայաստանի ապագան կապված է բացառապես տնտեսական զարգացման հետ: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը;
-Անշուշտ, տնտեսությունը շատ կարևոր է, սակայն մենք այսօր բարդ իրականության առջև ենք: Ես՝ որպես գործարար, շատ լավ գիտեմ, թե ինչ տրանսպորտային խնդիրների առջև է Հայաստանը, ապրանքներ ներմուծելու, արտահանելու առումով: Եթե ճանապարհները բաց լինեին, իրավիճակն այլ կլիներ, բայց այսօր Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ վրացիները տրանսպորտային տարանցման համար բավական մեծ փողեր են վերցնում: Այս պայմաններում շատ դժվար է ուրիշների հետ մրցակցության մեջ մտնելը, տնտեսությունը զարգացնելը: Այսօր ո՞րն է մեր ընտրությունը. Թուրքիայի հետ լավ լինելը, բայց մենք պատրա՞ստ ենք դրան: Ասում են՝ պետք է հարևանների հետ լավ լինել, բայց մեր ժողովուրդն այսօր պատրա՞ստ է անցյալը մի կողմ դնել ու մտածել, որ պետք է Թուրքիայի հետ լավ լինենք:
-Սփյուռքում կոշտ արձագանք է գտե՞լ վարչապետի՝ Էրդողանին հանդիպելու առաջարկը, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումները:
-Անշուշտ: Անձամբ ես կոշտ եմ արձագանքում: Ինձ համար անընդունելի է այս առաջարկը:
-Ֆրանսիայի նախագահը, Հայաստանում Ֆրանսիայի հեռացող դեսպանը պրոհայկական հայտարարություններ են անում: Ի՞նչ կարո՞ղ ենք ակնկալել այս հայտարարություններից:
–Այո՜, պրոհայկական հայտարարություններ են, բայց դրանից այն կողմ իրականության մեջ դիվանագիտական կեցվածքն ինչպիսի՞ն է: Մյուս կողմից Ռուսաստանից Հայաստանի կապվածությունն է, արդյոք Հայաստանը կարո՞ղ է անկախ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանից կախյալ վիճակը:
1in.am