Հոկտեմբերի 1-ից հետո, կարող է արդյոք գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի. Արա Զոհրաբյան
Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի գալ հոկտեմբերի 1-ից հետո։ Մեր կարծիքով՝ ոչ, առնվազն երկու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը։
«Առաջին՝ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողին գործատուն չի կարող օրենքով չնախատեսված դեպքում արգելել աշխատելը, իսկ առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի, թեև նման ձգտումներ ունի:
Երկրորդ՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի, աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման սերտիֆիկատը: Ինչպես տեսնում եք՝ ասվում է 14 օրը մեկ: Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, հետևաբար հաշվարկը կատարվելու է հաջորդ օրվանից:
Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
Այս ժամանակը մեզ համար բավարար կլինի իրավապաշտպանական գործողությունները կազմակերպելու համար:
Մոտ օրերս կհրապարակենք փաստաբանների տվյալները, որոնց կարող եք դիմել անվճար հիմունքներով, եթե ձեր իրավունքները կխախտեն:
Գործատուներին վերաբերող թեմային կանդրադառնամ մոտ օրերս: Միայն պետք է նշեմ, որ եթե գործատուն աշխատողի իրավունքները առողջապահության նախարարի հրամանի հիման վրա սահմանափակի, ապա կարող է լուրջ վնասների առջև կանգնել:
Hraparak.am