Արցախի Գերագույն դատարանը մայիսի 31-ին ժամը 17:00-ին հրապարակել է որոշում, համաձայն որի Հավեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին ԱՀ Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական։ «Ապառաժ»-ը  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացք է ստանալու այդ որոշումը:

Ի պատասխան պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատավարության մասին ԼՂՀ օրենքով սահմանված կարգով տվյալ վճիռը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մայիսի 31-ի ժամը 17:00-ից:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի վճիռը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ըստ այդմ, Դավիթ Գալստյանին հարցրինք, արդյո՞ք դատարանի որոշումը ժամանակավրեպ չէ:

«Ժամանկաավրեպ չէ, քանի որ ԱԺ երեք խմբակցությունների դիմումը վերաբերում էր ԱԺ համապատասխան որոշման սահմանադրականությանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա եթե Հաշվեքննիչ պալատի նախագահը 7-օրյա ժամկետում հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունները համարվում են դադարեցված, որի մասին հայտարարում է ԱԺ նախագահը: Բայց քանի որ մայիսի 31-ին ժամը 17:00-ին հրապարակված դատավճռով Աժ փետրվարի 4-ի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական, ուստի ԱԺ նախագահը պարտավոր է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարություն տարածել հիմք ընդունելով դատարանի որոշումը, այլ ոչ թե նրա դիմումը, որի հետ վերցնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է»,- նշել է պատգամավորը։

Դավիթ Գալստյանն ավելացրել է, որ իր ունեցած տեղեկություններով ԱԺ նախագահը, անտեսելով դատարանի որոշումը, փորձում է առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով և Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունների դադարեցման հիմք ընդունել աշխատանքից ազատման դիմումը:

«Օրենսդիր մարմնի ղեկավարը պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ, այլ ոչ թե այս կամ այն նեղ շրջանակների շահերի սպասարկմամբ»,- խոսքը եզրափակել է Դ Գալստյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն