Արարատ Միրզոյանի հանդիպումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
ԱԳ նախարարը ու ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հումանիտար հետևանքների վրա, այդ թվում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
Hetq.am