Սոցիալ-դեմոկրատները հաղթում են Բունդեսթագի ընտրություններում. նրանք 10 մանդատ ավելի շատ են ստացել, քան նախկին իշխող դաշինքը
Գերմանիայում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 206 տեղ է ստանում Բունդեսթագում, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների դաշինքը՝ 196: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Գերմանիայի ԿԸՀ նախնական տվյալները:
«Կանաչները» ստանում են 118 տեղ, Ազատ դեմոկրատների կուսակցությունը՝ 92, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 83, Ձախ կուսակցությունը՝ 39:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է ստանալով ընտրողների ձայների 25,7 տոկոսը: Պահպանողականները ստացել են 24,1 տոկոս ձայն, որը նրանց համար պատմության մեջ վատագույն արդյունքն է:
Առաջիկա օրերին կսկսվեն բանակցությունները տարբեր կուսակցությունների միջև՝ կառավարություն ձևավորելու համար: 2017 թվականի ընտրություններից հետո կոալիցիայի ձևավորումը 172 օր է տևել:
Tert.am